Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:

Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար:

Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը մեկնարկել է 2019թ.-ին և միտված է ՀՀ զինված ուժերի ռազմաուսումնական և ուսումնական ծրագրերում, ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ՄՄԻ ինտեգրման, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ռազմական իրավախորհրդատուների ներգրավման մակարդակի գնահատմանը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ