Անմահ հերոս Արմեն Վոլոդյայի Մանուչարյան

Արմեն Վոլոդյայի Մանուչարյանը ծնվել է 1975 թվականի հուլիսի 8-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 1976 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Արմենը եղել է տան երկրորդ զավակը։ 1985 թվականին, երբ դեռ Արմենը տասը տարեկան էր, մահանում է մայրը, և տղայի մանկությունը հիմնականում անցնում է ավագ քրոջ հետ։ Քույրը՝ Արմինեն, պատմում է, որ շատ կապված են եղել միմյանց հետ, Արմենը շատ մարդամոտ է եղել, մանկուց սիրել է օգնել բոլորին։

1981 թվականին Մանուչարյանն ընդունվել է Երևանի Գ. Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոց, որն ավարտել է 1991 թվականին՝ գերազանցությամբ։ Ութ տարի հաճախել է լողի։

1994 թվականին Արմենը զորակոչվել է հայկական բանակ ու ծառայել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի զորամասերից մեկում:

1996 թվականին՝ ծառայությունից վերադառնալուց հետո, տեղափոխվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնատուն գյուղ։ Այստեղ Արմենն ապրել է քսանչորս տարի և զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Արմենի հայրը եղել է այդ համայնքի հիմնադիրներից մեկն ու առաջին գյուղապետը։

2008 թվականից Արմենը սկսել է աշխատել Քաշաթաղի շրջանի անասնաբուժական կայանում։ Հենց այդ ընթացքում էլ սովորել է Երևանի գյուղատնտեսական ակադեմիայի՝ Ստեփանակերտի մասնաճյուղի անասնաբուժության բաժնում։

Հետագայում Արմեն Մանուչարյանը կամավորագրվել և մասնակցել է 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններին։ Առաջնագծում ցուցաբերել է առաջին բուժօգնություն, բացի այդ՝ որպես դիպուկահար, քառասունհինգ օր մնացել է Թալիշի դիրքերում։

Հակոբը՝ Արմենի համագյուղացին ու զինակից ընկերը, ցավով ու դրական հիշողություններով է խոսում ընկերոջ մասին.

«Ծանոթացել ենք 2017 թվականին, երբ նոր էի տեղափոխվել Արմենենց գյուղ բնակության։ Արմենը գյուղի անասնաբույժն էր ու գործի բերումով շատ էր շփվում համագյուղացիների հետ, հետևաբար՝ ես էլ անընդհատ տեսնում էի իրեն։ Հակոբի հետ ավելի մտերմացել ենք 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ծանր օրերին: Նա անընդհատ օգնում էր վիրավորներին, աչքի էր ընկնում խիզխությամբ։ Երևի չի լինի մեկը, ով չհիշի Արմենի անմիջականությունն ու անկեղծ բնավորությունը։ Արմենը բոլորի հիշողություններում տպավորվել է բոլորին կարեկցող ու օգնող անձնավորություն»:

Հայրենիքի հանդեպ սերը չի կանգնեցրել Արմենին նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին ու սեպտեմբերի 27-ին, երբ համագյուղացիները հավաքված են եղել, որ մեկնեն մարտի դաշտ, Արմենն ասել է` «Այս անգամ էլ ես գնամ զոհվեմ հանուն հայրենիքի»:

Հենց այդ օրը Արմեն Մանուչարյանը գնացել է Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատ և մեկնել մարտի դաշտ։ Կռվի օրերին եղել է Ջրականում։ Նա կրկին պատերազմի մասնակցներին ցուցաբերել է առաջին բժշկական օգնություն: Հոկտեմբերի 2-ից Արմենի հետ կապն ընդհատվել է և նա համարվել է անհետ կորած։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից, երբ փորձել է զինակից ընկերոջ մարմինը դուրս բերել կրակի դաշտից։

2021 թվականին փետրվարին՝ Բաքվից հայկական կողմին փոխանցված 106 աճյունների մեջ եղել է նաև Արմենի դին։ Արմենը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Արմեն Վոլոդյայի Մանուչարյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ելենա Հովհաննիսյան