Անմահ հերոս Շիրազ Սանասարյան

Շիրազ (Շիկո) Զորիկի Սանասարյանը ծնվել է 1998թ.-ի հոկտեմբերի 27-ին` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ընտանիքի միակ զավակն էր, մեծացել էր ուշադրությամբ ու սիրով շրջապատված։ Փոքրուց զբաղվել էր մի շարք սպորտաձևերով, կոփված ու ամուր պատանի էր դարձել։ 2003-2013 թթ.-ին սովորել է Գյումրու թիվ 15 դպրոցում։ 2013թ.-ի սեպտեմբերի 1-ին Շիրազը տեղափոխվել էր  Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան (ՌՄՀՎ):

Անունից արդեն իսկ  պարզ էր դառնում, թե ինչ ոգու տեր մարդ է ոտք դրել վարժարան։  Լինելով չափից դուրս բծախնդիր սեփական անձի և անշահախնդիր դիմացինների հանդեպ` կարճ ժամանակահատվածում Շիրազը հասցնում է վայելել շատերի հարգանքը։ Նա մշտապես մասնակցել է տեղի վարժարանային, միջվարժարանային, մարզային մրցույթներին՝ վաստակելով պատվոգրեր ու մեդալներ։ Նրա հնարամիտ գործողություններն ու ճկուն լեզուն ոչ մեկի անտարբեր չէին թողնում, բայց միևնույն ժամանակ, շատ հաճախ ստիպում էին խնդիրների մեջ ընկնել՝ ստի մասին չլռելու հետևանքով։ Թեպետ Շիրազը սովորելու հետ մեծ սեր չուներ, բայց այն եզակի մարդկանցից էր, որը մշտապես եղել է իր ուսուցիչների սիրելին։

2016-2020 թթ.-ին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Մասնագիտության ընտրության հարցում Շիրազը դեռ փոքրուց էր կողմնորոշվել, ազգականների հորդորներին չէր լսում։ Ինքը իր մեջ գիտեր, թե ինչ կարևոր առաքելություն ունի կատարելու իր մասնագիտությամբ։ Ռազմական համալսարանում սովորելու տարիներին Շիրազը մշտապես մասնակից է եղել մարզական մրցույթներին և զբաղեցրել մրցանակային տեղեր, արժանացել «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանի:

Շիրազը սիրում էր ընկերների համար ավելին անել՝ քան հնարավոր է: Հաճախ էր ընկերներին փորձում իր հետ տանել տուն (ռազմական համալսարանում դա շատ պահանջված էր. չէ՞ որ շաբաթը միայն մեկ օրով էին տուն գնում)։

«Շիրազս սիրած աղջիկ ուներ, մի օր զանգեց ասաց՝ մա՜մ տանիք ենք բարձրացել, երազանք պահել, որ չորս երեխա ունենանք` երկու աղջիկ, երկու տղա»,- պատմում է տղայի մայրը` տիկին Անահիտը։
Շիրազը լինելով Գյումրիից՝ աչքի էր ընկնում հումորի վառ զգացումով, ամբողջ լսարանին չէր թողնում տխրել: Նա նաև մշտապես աչքի է ընկել իր հնարամտությամբ, տրամաբանությամբ ու ֆիզիկական աշխույժ վարքագծով։

Շիրազը 2020թ.-ին ավարտել է ուսումն ու լեյտենանտի զինվորական կոչմամբ անցել ծառայության` Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ Նա հրաժարվել էր մասնակցել վիճակահանության և ինքնակամ ընտրել էր Թալիշում ծառայելը` որպես դասակի հրամանատար։
«2020թ.- օգոստոսի 21-ին Շիրազս մեկնեց Թալիշ գյուղ՝ պարտադիր զինվորական ծառայության, իսկ օգոստոսի 28-ին՝ ես ու ամուսինս գնացինք, տուն վարձեցինք, շատ լավ, ուրախ, երջանիկ օրեր էին. տղուս կողքին էինք` Թալիշում։   Վերջին անգամ սեպտեմբերի 25-ին է դիրքերից եկել տուն, որոշել էինք հոկտեմբերի 27-ին` Շիրազիս ծննդյան օրը, մկրտեինք տղուս, մատաղ անեինք։ Ամսի 27-ն էր, գիշերը 01։30-ի կողմերը, երկու ժամ էլ չէր հասցրել քնել, շտապ կանչեցին՝ գնաց։  Լուսադեմին՝ 6։30-ին, սկսեցին թիրախավորել գյուղը, աջ ու ձախ աչքիս առաջ ռմբակոծում էին Շիրազիս դիրքերը, ամբողջ Թալիշը սևացավ…»,-պատմում է տիկին Անահիտը:

Շիրազն իր սիրելի աշխատանքը կատարեց ընդամենը մի քանի շաբաթ։ 2020թ.-ի Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից մարտական դիրքերում էր ու զոհվեց հենց իր սիրելի Թալիշի համար մղվող մարտերում:
Շիրազի հայրը մասնակից էր եղել Արցախյան առաջին ազատամարտին, ինչպես նաև Շուշիի ազատագրմանը։ Տղան փոքրուց լսել էր պատերազմի մասին պատմություններ ու մեծացել հայրենասիրական ոգով։ Շատ հպարտ էր, որ իր հայրը ևս ավանդ է ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։ Իր հպարտության ու հետագա գործունեության մասին նա գրել էր վարժարանում սովորելու տարիներին՝ իր շարադրության մեջ. «Հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ և այդ լեռնային երկրի քաջարի զավակն եմ։ Հպարտ եմ իմ նախնյաց պատմությամբ։ Հայրս Շուշիի ազատագրման մասնակից է, ինչի մասին շատ անգամ պատմել է ինձ։ Նաև հայրիկիս օրինակով եմ հասկացել, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը վեր է ամեն ինչից։ Շուտով ես էլ զինվոր կդառնամ և կտեսնեք, թե ինչքան լավ կծառայեմ, այսօրվա զինվորի փոխարինողը ես եմ և խոստանում եմ,  որ արժանի կլինեմ այդ պատվին։ Ուզում եմ լինել այնպիսի զինվոր, որ մայրս ինձնով հպարտանա…»:

Խոսքերը հաճախ չեն բավականացնում նկարագրել այնպիսի մարդու, ինչպիսին էր Շիրազը։ Նա սիրում էր կրկնել` «Մարդն արժե այնքան որքան իր կամքն ու նպատակը» ։

Շիրազ Զորիկի Սանասարյանը` հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով։

Շիրազին հուղարկավորել են զոհվելուց մի քանի ամիս անց, իսկ այդ ընթացքում՝ որդուն դեռ մայր հողին չհանձնած, մահացավ Շիրազի հայրը։ Շիրազը հուղարկավորված է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։

Պատմությունները շատ են, հուշերը անթիվ, կարճ ժամանակահատվածում՝ երկար պատմություն ու կայացած ուղի թողեց հերոսը։ Ամենուր, ամենօր, մտածում էր ընտանիքի մասին, ծրագրեր էր կազմում հետագայի համար, որպեսզի ավելի լավը դարձնի իր ընտանիքի կյանքը։ Ավա՜ղ չարաբաստիկ պատերազմը անավարտ թողեց նրա նվիրական երազանքները, որոնք պետք է հերթով իրականացներ` երջանկացնելով ընտանիքին։ Անձնվիրաբար ծառայեց հայրենիքին, իրագործելով երկրորդ դասարանում «Հայրենիք» թեմայով գրված շարադրության յուրաքանչյուր բառ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան