Անմահ հերոս Մնացական Ասոյան

Մնացական Սամվելի Ասոյանը ծնվել է 2000թ.-ի հոկտեմբերի 12-ին` Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Արթիկի թիվ երկու հիմնական դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է տեղի՝ Արթիկի թիվ յոթ ավագ դպրոցում։

Մնացականը հաճախել է բասկետբոլի, տարբեր մրցույթների է մասնակցել, ստացել բազմաթիվ պատվոգրեր։

Ուսումն ավարտելուց հետո՝ 2019թ.-ի հունվարի 18-ին, Մնացականը ծառայության է անցել Վայոց Ձորի մարզում։

«Շատ լավ ծառայում էր, ոչ մի բանից չէր դժգոհում, մեկ տարի ութ ամիս է ծառայել, մասնագիտությամբ հետախույզ-գնդացրորդ էր»,-պատմում է մայրը՝ Լուսինեն։

Հանգիստ, խելոք, բարի բնավորության տեր Մնացականը, բանակից զորացրվելուց հետո` ցանկանում էր հիմնել սեփական բիզնեսը։

«Շատ ու շատ երազանքներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անավարտ»,-ասում է մայրը։

2019թ.-ի հուլիս ամսին զինվորը վերջին անգամ է տուն եկել, դրանից հետո՝ տարածված համավարակի պատճառով չեն թողել. «Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց հետո ամեն օր զանգում էր, ասում էր մա՜ ջան, մի վախեցեք, ամեն ինչ լավ է։ Մենք չգիտեինք, որ իրեն տարել էին Ջրական, մեզ ոչինչ չէր ասում»։

Վերջին զանգը շատ պարզ է հիշում Լուսինեն` հոկտեմբերի 6-ի երեկոյան էր. «Մա՜ ջան, երկու օր մնաց, էս կռիվը կվերջանա, ամեն ինչ լավ կլինի, չմտածեք»,-մոր հետ խոսելիս՝ ասել է Մնացականը։

Դրանից հետո խոսել է ընկերոջ հետ զգուշացրել, որ տանը չասի, որ Ջրականում է։

Երեք ամսվա ծառայող էլ Մնացականի կրտսեր եղբայրն է եղել` Մանվելը։ Նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում էր, վիրավոր է եղել, հազիվ են փրկել կյանքը։

Մնացականի մանկության ընկերը` Արսենը փաստում է, որ իր մանկության ամենաուրախ հուշերը կապված են Մնացականի հետ. «Եղբոր պես ենք եղել, նույն դասարանում սովորել, աննկարագրելի ուրախ օրեր ենք ապրել, իրար հետ թաքուն ծխել` հետո բռնվել, դասերից փախել, նույն օրն էլ զորակոչվել բանակ»:

Արսենի խոսքով Մնացականը յուրահատուկ տղա էր, բոլորից մի քայլ առաջ էր. «Իր մարդ տեսակը, պահվածքը, խոսելաձևը՝ ամեն ինչ չափի մեջ էր, ինքը մեծին հարգել ու մեծի հետ խոսել գիտեր, ուրիշ էր»:

Վերջին անգամ, երբ խոսել են, միմյանց խոստացել են, որ ինչ ձևով գնացել են՝ նույն ձևով էլ հետ են գալու, բայց ինչպես Արսենն է նշում՝ «Մնացականը չլսեց…»։

Մնացականը գնդացրորդ էր ու գտնվում էր հենց առաջնագծում: Նրանց պաշտպանած դիրքում թեժ մարտեր են ընթացել, որի հետևանքով դիրքը պաշտպանող բոլոր մարտիկները զոհվել են։

Հակառակորդը գրավել է դիրքն ու 2020թ.-ի հոկտեմբերի 7-ը ճակատագրական է դարձել Մնացականի համար։ Ընդամենը հինգ օր էր մնացել, որ բոլորեր քսան տարին։

Նա անմնացորդ նվիրումով է մարտնչել թշնամու դեմ՝ կռվելով մինչև վերջին շունչն ու անմահանալով հանուն հայրենիքի։ Նրա մարմինը գտել են զոհվելուց վեց ամիս անց՝ ձեռքի դաջվածքով։

Մնացական Սամվելի Ասոյանի աճյունը հանգչում է հայրենի Արթիկ քաղաքի ընտանեկան գերեզմանատանը։ Նա երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար՝ հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան