Անմահ հերոս Կորյուն Սառիկյան

Կորյուն Ռադիկի Սառիկյանը ծնվել է 1990 թ.-ի մարտի 20-ին՝ Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո պարտադիր զինվորական ծառայության է անցել Նուբարաշենի զորամասում՝ 2008-2010 թվականներին։

«Հանգիստ էր, զուսպ, ընկերասեր ու կատակասեր, շատ էր նվիրված ընտանիքին»,- պատմում է Կորյունի մայրը` Անահիտ Սառիկյանը։

Ծառայությունն ավարտելուց հետո Կորյուն Սառիկյանը զբաղվել է այգեգործությամբ ու անասնապահությամբ, իսկ ավելի ուշ` 2014 թ.-ին, որպես պայմանագրային, ծառայության է անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում. կոչումը` եֆրեյտոր, հաստիքը` կապավոր։

Մայրը պատմում է, որ Կորյունը բնավորությամբ շատ գաղտնապահ էր, չէր սիրում, երբ ծառայության մասին հարցեր էին տալիս։

Կորյուն Սառիկյանի արդարության ու պարզության մասին պատմում են, որ մի աղջկա հետ էր ծանոթացել, ում միջոցով գյուղում բարեգործություն էին անում, իսկ երբ աղջիկը մեծ գումար էր թողել նրա մոտ, որոշ ժամանակ անց հաճելիորեն զարմացել էր, որ բանկային քարտերից գումար չի պակասել։

Արցախյան 44-օրյա պատերազմի սկսվելուց մեկ օր անց Կորյունն ընտանիքի անդամներից գաղտնի մեկնում է առաջնագիծ՝ ասելով, որ Մեղրիում է ու երկու անգամ շրջափակման մեջ ընկնելուց հետո՝ հոկտեմբերի 7-ին բեկորային վնասվածք է ստանում և տեղափոխվում հոսպիտալ։ Բուժումը կիսատ թողնելով՝ հոկտեմբերի 14-ին նորից մեկնում է ռազմաճակատ, ընկերներով խոստացել էին` իրար մենակ չեն թողնելու։

«Ոտքերն ուռած՝ գնացել միացել ա ընկերներին։ Էդ օրը զանգեց մեզ, ասաց՝ 3 օր չեմ զանգի, բայց 3 օրը դարձավ մի շաբաթ, ասում էին՝ երևի հարմար չի, չի կարողանում զանգի, բայց տղես հաջորդ օրը զոհվել էր»,- պատմում է մայրը՝ Անահիտը։

Կորյունն ընկերների հետ մասնակցում էր Խառատունիքի (Հորադիզի) մարտերին։

Բայց ավա՜ղ, հոկտեմբերի 14-ը նրա համար եղավ ճակատագրական. արկի բեկորային վիրավորումից Կորյուն Սառիկյանը անմահացավ։ Որդու զոհվելու ցավին չդիմանալով՝ մեկուկես տարի անց մահացավ նաև Կորյունի հայրը:

Կորյուն Սառիկյանը հետմահու արժանացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Արաքսի պահապան» կրծքանշանի և ՀՀ «Մարտական ծառայության» մեդալի։

Թաղված է ընտանեկան գերեզմանատանը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

 

       Սիմոն Հովհաննիսյան