Անմահ հերոս Խաչիկ Գալստյան
Խաչիկ Սահակի Գալստյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 2-ին, Արմավիրի մարզի Ծիածան համայնքում։ Ընտանիքի միջնեկ որդին էր։ Զբաղվում էր հողագործությամբ։ Մորաքրոջ որդին՝ Արմենը պատմում է Խաչիկի բարության ու անձնվիրության մասին։
Պարտադիր զինվորական ծառայությունն անցել է 2007-2009 թվականներին Լոռու մարզում։ Աչքի է ընկել բարեխղճությամբ, Արմենի հավաստմամբ արժանացել է մի շարք պատվոգրերի, կրծքանշանների, այդ թվում՝ «Քաջարի մարտիկ»-ի։ Լսելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, Խաչիկն ընտանիքից գաղտնի կամավորագրվել է։ Հոկտեմբերի 4-ին զինկոմիսարիատից նրան կանչել են ու տարել Ջրականի շրջան (Ջեբրայիլ)։ Խաչիկի մորաքրոջ որդին պատմում է, որ պատերազմի ընթացքում բարությունն ու անձնվիրությունը չի կորել։ Քնապարկը զիջում էր մարտական ընկերներին, ասելով՝ գյուղի տղա եմ, առանց դրա էլ կարող եմ։
– Նախատում էր նրանց, ովքեր խոսում էին հետ դառնալու մասին,- պատմում է Արմենը։
Խաչիկը զոհվել է հայրենիքի ազատության և անկախության համար մղված մարտերում ինքնաթիռի ռմբակոծութկունից։
Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: