Անմահ հերոս Արմեն Առուստամյան

44-օրյա պատերազմի հերոս Արմեն Պավելի Առուստամյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 19-ին Երևանում։ Արմենը տան մեծ տղան էր, ունի մեկ եղբայր։

Ընկերներն ու հարազատներն Արմենին հիշում են որպես շատ աշխույժ և աշխատասեր տղա, ով միշտ պատրաստակամ էր ընկերներին օգնելու։
Արմենը 2006-2014թթ. գերազանց առաջադիմությամբ սովորել և ավարտել է Հ. Հովհաննիսյանի անվան N 52 հիմնական դպրոցը։ 2014-2017թթ. սովորել է ՃՇՀԱՀ-ի Մ. Աբեղյանի անվան N3 ավագ դպրոցում, իսկ 2017-2019թթ.  ՃՇՀԱՀ-ի Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա և համակարգչային գիտություն» բաժնում։ 2016-2019թթ. հաճախել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի Նոր-Նորք համայնքի Հովհաննես Հինդիլյան մասնաճյուղ. «Գայլիկներ» սկաուտական խմբի ղեկավարն էր։

Արմենի դասղեկը` Գոհար Բլեյանը պատմում է, որ Արմենը միշտ աչքի է ընկել իր առաջադիմությամբ, համեստությամբ և հումորի մեծ զգացումով:
«Ես պատիվ եմ ունեցել լինել Արմենի դասղեկը 5-9-րդ դասարաններում: Վստահ ասում եմ այս խոսքերը, որովհետև իրոք պատվի եմ արժանացել, որ հնարավորություն եմ ունեցել շփվել նման երեխայի և աշակերտի հետ: Արմենը կարող էր լուռ նստել և մի պահ այնպիսի մի բան ասեր, որ ամբողջ դասարանին ծիծաղեցներ: Արմենի մասին  խոսելիս հնարավոր չէ չնշել նրա բարության, հոգատարության, չափի զգացողության, հանդուրժողականության մասին: Իր մեջ կար մի տեսակ մանկական մաքրություն, որ մինչև ուսումնառության ավարտը չէր անցել, բայց այս ամենի հետ միասին նրա մեջ մի անասելի ուժ էր ամփոփված, քաջություն, հայրենասիրություն: Դրա մասին են վկայում նրա զինակիցների պատմությունները: Ես որպես դասղեկ, այս պատերազմից հետո ասում եմ, որ ունեմ հերոս աշակերտ, բայց երանի նրան գրկեի, նոր այս խոսքերը ասեի»։
Համլետը` Արմենի մտերիմ ընկերը, Արմենի մասին պատմելու շատ բան ունի, քանի որ նրանք մանկությունից սկսած շատ երկար ճանապարհ էին անցել միասին։
«Արմենի հետ անցկացրած ուրախ և անհոգ տարիներից մնացել են բազում անմոռանալի հուշեր, որոնք իմ առօրյա մտորումների անբաժան մասն են կազմում և ուղեկցում են ինձ կյանքի ամեն քայլափոխի: Արմենի հետ կապված ցանկացած դեպք և իրադարձություն ակնհայտ բնորոշում է նրա բարությունը, ազնվությունն ու ընկերասիրությունը: Նա միշտ պատրաստ էր անձնազոհ լինել ուրիշների համար:
Մի անգամ, երբ Արմենի ցուցամատը կոտրված էր, իսկ աջ ձեռքը ֆիքսված էր իրանին, որոշեցինք մոտ 3 մետր բարձրություն ունեցող շինության տանիք բարձրանալ՝ հետաքրքիր տեսարանի ֆոնին նկարվելու համար: Արմենը ֆիզիկապես շատ ուժեղ էր և հետևաբար դա նրա համար բարդություն չէր, իսկ ինձ համար գրեթե անլուծելի խնդիր էր: Նա միայն ձախ ձեռքն օգտագործելով բարձրացավ, այնուհետև նույն ձեռքով կարելի է ասել բարձրացրեց ինձ, իսկ իջնելուց ես չկարողացա պահել հավասարակշռթյունս և ընկա, սակայն նա իր աջ ձեռքի վրա ընդունեց իմ մարմնի ողջ ծանրությունը, դրանով իսկ փրկելով ինձ հնարավոր վնասվածքներից»։
Արմենի հորեղբոր աղջիկը` Լիդան, միշտ հպարտացել է եղբորով, ով քրոջ համար ամուր թիկունք է եղել։
«Մի անգամ, երբ Արմենը արձակուրդ էր եկել, զանգեց, անմիջապես գնացի իրեն տեսնելու։ Նստած պահից մինչև վերջ, երևի մոտ 2 ժամ պատմում էր, թե ինչ է սովորել, ու այնքան ոգևորված էր պատմում, որ քեզ էլ էր սկսում հետաքրքրել։ Արմենը շատ էր սիրում սովորել ու սովորեցնել։ Նաև շատ կոկիկ ու պատասխանատու էր. Զինվորական համազգեստի վրա 2 նշան կար, որոնք լվանալիս պետք է հանեիր ու հետո ճիշտ տեղում ամրացնեիր։ Գնալուց առաջ համազգեստը հագավ ու մեկը մայրիկին տվեց, որ փակցնի, իսկ մյուսը` ինձ։ Մի փոքր թեք էր ստացվել իմ ամրացրածը ու քիչ էր մնում ինձ սպաներ։ Ամեն ինչ պետք է իր տեղում լիներ, Արմենս կարգուկանոն էր սիրում»։

Արմենը ծառայության է անցել 2019 թվականի հուլիսի 11-ին, որպես հեռաչափորդ։ Ծառայել է նախ Լուսակերտի զորամասում, ապա 6 ամիս անց, կրտսեր սերժանտի կոչումով, տեղափոխվել Արցախի Մարտունու շրջանի զորամասերից մեկը։

Արմենի ընկերը` Լևոնը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ 2 ամսվա զինծառայող է եղել, վիրավորում է ստացել և վնասել աչքերը։ Արմենը Լևոնին գրկած 2 կմ քայլել է, որպեսզի հասցնի բուժօգնության մեքենայի մոտ, բայց մինչև տեղ է հասցրել,  մեքենան տեղում չի եղել,  և Արմենը կրկին այդ 2 կիլոմետր տարածքով  ընկերոջը գրկած վերադարձել է իրենց դիրքը, մինչև հաջորդ օրը մեքենան եկել և մյուս վիրավորների հետ Լևոնին էլ է տարել հոսպիտալ։ Ընկերներից մեկն էլ գլխի շրջանում է ծանր վիրավորում ստացել ու հիմա Մոսկվայում բուժվում է։

Արմենի մայրը` տիկին Ելիզավետան պատմում է.

 «Պատերազմի թեժ պահին, երբ տղաները իրենց հրամանատարի հետ ինչ-որ տեղ էին գնացել, որ հանգստանային, հրամանատարը բոլորին ասել էր, որ քնեն։ Արմենը մի քիչ հեռու տեսել էր մի հատ գնդացիր ու հրամանատարը Արմենի հայացքից հասկացել էր որ դեպի զենքն է գնում, հրամանատարը ասել էր, որ հանկարծ չփորձի, շատ վտանգավոր տեղ էր դրված եղել զենքը՝ բաց տարածքում։ Մինչև հրամանատարի քնից արթնանալը, Արմենը այդ զենքը նորոգել էր, հետո իրենց վրա հարձակում էր եղել, որի ժամանակ այդ զենքն են կիրառել։ Արմենս, որ կյանքում ներարկիչ ձեռքը բռնած չկար, մարտի դաշտում ընկերոջը ցավազրկող է ներարկել»։

Այդ մասին տիկին Ելիզավետային պատմել է մարտկոցի հրամանատար, կապիտան Ժորա Պետրոսյանը։

Ծառայակից ընկերը հիշում է մարտի ժամանակ Արմենի կատակներից մեկը.

 «Կռվի ժամանակ սնարյադի փոշուց աչքերս բորբոքվել էին, ու քանի որ ես կոնֆետ շատ եմ ուտում Արմենենք մտածել էին դրանից է։ Մեզ մոտ միշտ կոնֆետ էր լինում ու մի անգամ, երբ ուզում էի ուտեմ, տեսա չկա, հետո երեկոյան պառկելուց տեսա, որ բոլոր կոնֆետները Արմենը բարձիս տակ է դրել»։

Արմենը զոհվել է պատերազմի վերջին օրը` նոյեմբերի 9-ին, ուժեղ հրետակոծության ժամանակ Մարտունիի համար մղվող համառ մարտերում։ Ծնողները Արմենի հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 7-ին, Արմենն ասել էր՝ ամեն ինչ կարգին է, պարզապես հեռախոսակապը չի աշխատում, դրա համար էլ հնարավոր է չկարողանա պարբերաբար զանգել, իսկ ընտանիքը դեռևս շարունակում էր սպասել Արմենի զանգին։

Արմենը հողարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Մարգարիտա Ուդումյան