Անմահ հերոս Վոլոդյա Վերանյան

44-օրյա պատերազմում անմահացած հերոսներից մեկը՝ Վոլոդյա Վարդանի Վերանյանը, ծնվել է 2001 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Սանահին գյուղում։ Վոլոդյան 21-րդ դարի առաջին ծնունդն է եղել Ալավերդի քաղաքում։ Բազմազավակ ընտանիքի ավագ երեխան էր, ունի երկու եղբայր և մեկ քույր։ Ուսուցիչները, ընկերներն ու հարազատները Վոլոդյային նկարագրում են որպես ժպտերես, ուրախ և նպատակասլաց տղա։ 2007թ-ին ընդունվել և 2016թ-ին  ավարտել է Ալավերդի քաղաքի Արտեմ Միկոյանի անվան հիմնական դպրոցը։

Դասղեկի՝ Գայանե Պապոյանի խոսքով դպրոցում Վոլոդյան բոլորի սիրելին էր։ -Իր մեղմ ու բարի ժպիտով, իր յուրահատուկ հումորով ու անմիջականությամբ գրավում էր և՛ ուսուցիչներին, և՛ ընկերներին։ Վոլոդյան ազնիվ էր ու շիտակ։ Նա անկեղծ բարեկամ էր ու նվիրված ընկեր։

Հիմնական դպրոցն ավարտելուց հետո դիմել և ընդունվել է  «Ալավերդու պետական քոլեջ ՊՈԱԿ-ի Սև և գունավոր մետաղների ձուլման  արտադրություն» ֆակուլտետ։ Ալավերդու պետական քոլեջի տնօրեն Աստղիկ Ավետյանը պատմում է՝ Վոլոդյան հենց առաջին օրերից աչքի է ընկել որպես ուրախ և ընկերասեր անձնավորություն։ Ճշտապահ էր, բայց երբեմն կարող էր դասի մտնել դասախոսից հետո։ Ներեղություն էր խնդրում ուշանալու համար և անպայման հարցնում էր, բացակա դրե՞լ ենք, թե ոչ։ Խուսափում էր բացակա ստանալուց։ Հիմա էլ նրան բացակա չենք դնում։ Վոլոդյան բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 7-ին։ Ծառայության է անցել Հադրութի զորամասում որպես դիպուկահար։

Վոլոդյան փոքր տարիքից ունեցել է  կրակելու հանդեպ սեր։ Մանկության ընկերուհին՝ Շուշանիկը պատմում է.
-«Մի անգամ մենք վերցրել էինք հայրիկիս որսորդական հրացանն ու բոլորից թաքուն գնացել էինք կրակելու, ես Վոլոդյան և քույրս։ Ինքը կրակելու, զենքերի հանդեպ շատ մեծ սեր ուներ։ Վոլոդյան միշտ ասում էր, որ բանակում ամենալավը դա է անելու։ Վերջին զանգի միջոցառման ժամանակ էլ զինվորների մասին խոսքերը ինքն էր վերցրել որ ասեր, մի խոսքով հայրենիքի հանդեպ սերը շատ մեծ էր, նա շատ էր ուզում ծառայել և շատ էր սիրում բանակը»։

Մանկության ընկերը՝ Արմանը  Վոլոդիայի հետ վերջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմից օրեր առաջ.
-«Վոլոդյան իր մշտական ուրախ տրամադրության մեջ էր, անգամ դժվարությունների ժամանակ նա միշտ ժպտում էր»։ Վոլոդյայի զինակից ընկերը, ում  կյանքը փրկել է նա, պատմում է.
-Վլեիս ասացի՝ գիտեմ տուն չեմ հասնելու, խնդրեցի, որ ծոցագրպանիս զինգրքույկս ու նկարս հասցնի տանեցիներին։ Վլես ասաց՝ Էս կռվի ժամանակ ոչ ես կմեռնեմ, ոչ էլ դու, դու կգնաս տուն ու քո ձեռքով կտաս։ Ես պատերազմից չեմ վախենում, ոչ էլ մեռնելուց, որ մեռնեմ էլ երկնքից քեզ կօգնեմ, որ ողջ մնաս։ Վերջում էլ ասաց՝ մենք անմահ ենք, մեզ համար մահ չկա։

Քույրը՝ Աղավնին, պատմում է՝. -Վոլոդյայի մեջ դեռ փոքր տարիքից զգացվում էր հայրենասիրությունը, նա շատ էր սիրում զինվորական հագուստ կրել, շատ էր հայրենասիրական երգեր լսում և ֆիլմեր նայում։ Վոլոդյան ծառայության ընթացքում միշտ քննությունները գերազանց էր հանձնում, ու մենք քննություններից հետո, որ զանգում էինք այնպիսի ոգևորությամբ էր խոսում՝ կարծես միասնական քննություն հանձնած լիներ։ Վոլոդյան  ծառայության ընթացքում աչքի է ընկել իր մասնագիտական հմտություններով։

 Տիկին Անահիտը՝ Վոլոդյայի մայրը պատմում է.
-Դեկտեմբերին, երբ տղաները արդեն գալիս էին տուն, Վոլոդյան ուշ եկավ,  ես շատ էի նեղվում, ասում էի տղես բոլորը եկան դու չէ, ինքն էլ ասում էր՝ մամ ջան, ես շքանշաններով եմ գալու։ Վերջին անգամ խոսել ենք սեպտեմբերի 26-ին, ինձ հետ խոսելուց շատ հանգիստ էր, ինքը ինչ էլ լիներ ցույց չեր տալիս, հետո իր հայրիկի հետ խոսելու ժամանակ շատ խառն է եղել, բայց ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Այդ օրը եղանակը անձրևային և ամպամած էր, ես էլ ներքին անհանգստություն ունեի, անտրամադիր էի, բայց չգիտեի թե ինչու։  Շքանշանները հասան տուն, իսկ Վոլոդյան՝ ոչ։ Նա զոհվել է 2020 սեպտեմբերի 30-ին Հադրութի համար մղվող մարտերում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մարգարիտա Ուդումյան