Անմահ հերոս Արա Մկրտչյան

44-օրյա պատերազմում զոհված Արա Մակարի Մկրտչյանը ծնվել է 1992 թվականի նոյեմբերի 1-ին Գյումրիում։ Կրթություն է ստացել Գյումրու թիվ 41 հիմնական  դպրոցում, ապա տեղափոխվել Արթիկի թիվ 3-րդ ավագ դպրոց: Դպրոցում գերազանց է սովորել, ուսուցիչները նրան շատ էին սիրում։ Արան շատ սիրված է եղել նաև իր ընկերների կողմից, ընկերասիրությունը  չափ և սահման չի ունեցել, նրան իր մտերիմները «Պոնչ»  էին անվանում։

«Նա մեծ նպատակներ ուներ, ուզում էր տուն գներ», -ասում էր մայրը։
Արան շատ ժպտերես և կյանքով լեցուն տղա էր, նույնիսկ անծանոթների հետ էր ջերմ, հաճախ էր կրկնում «մեռնիմ կյանքիդ», ամեն երկրորդ բառի մեջ դա է եղել։ Նա երբեք չի դժգոհել կյանքի դժվարություններից, միշտ գլուխը բարձր առաջ է շարժվել, եթե ինչ-որ բան չէր ստացվում նորից էր փորձում, այնքան, մինչև ստացվեր։
2015 թվականից Արան Գյումրու զորամասում աշխատանքի է անցնում որպես պայմանագրային զինծառայող, այնուհետև տեղափոխվում է Արարատի N զորամաս։

2017 թվականին ամուսնանում է։ Ունի մեկ որդի։ Մայրը` տիկին Մանեն պատմում է, որ դեմ է եղել, որ որդին գնա Արարատ՝ ծառայության, քանի որ ներքին տագնապ է ունեցել, ասում էր՝ Աստված չանի, եթե պատերազմ լինի առաջինը քեզ կտանեն, Արան ասում էր՝ «է թող տանեն, բա ո՞վ պիտի մեր սահմանը պահի, ե՛ս պիտի պահեմ»։
Այդպիսին է եղել նա, հայրենիքը նրա համար ամեն ինչից վեր էր։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Արան մոր հետ խոսելիս ծիծաղելով ասել էր՝ մամ, մեր մոտ շատ էլ հանգիստ է, ոչ մի բան էլ չկա դու մի անհանգստացի։ Արայի հետ վերջին անգամ եղբայրն է խոսել` Արմանը, նրան Արան ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է և, որ պետք չէ զանգեն, երբ հարմար լինի ինքը կզանգի։ «Արայի վաշտի ավագը` Հովհաննես Խաչատրյանը մյուս տղաների հետ իմ որդուն էլ է  բերել, ցավոք նա ևս զոհվել է, և ամեն անգամ երբ գնում եմ պանթեոն նրան ևս խոնարհվում եմ, քանի որ նրա շնորհիվ իմ որդին  գերեզման ունի»։
Արա մկրտչյանը զոհվել է հոկտեմբերի 11-ին Ջրականի համար մղվող մարտերում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական ծառայության» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Տիրուն Մարգարյան