Անմահ Հերոս Դավիթ Դավթյան

Դավիթ Արմանի Դավթյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 16-ին Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղում։ Դավիթը տան ավագ երեխան էր, ունի 2 քույր։ 2008 թվականին ընդունվել է տեղի դպրոցը, զուգահեռ հաճախել թեքվանդոյի և ֆուտբոլի։ 2020 թվականին դպրոցն ավարտելուց հետո՝ հուլիսի 27-ին, զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Հադրութի զորամասում:

Տիկին Լիլիթը՝ Դավիթի մայրը, զրույցում պատմեց, որ Դավիթն ընկերների հետ «կռիվ-կռիվ» խաղալիս միշտ հայի դերում էր, երբեք չէր ցանկանում թշնամու դերում խաղալ։
«Դավիթն ասում էր՝ չորեքշաբթի օրերը բանակում իմ օրերն են. նրա սիրելի ուտեստն էին պատրաստում այդ օրերին։
Պատերազմի օրերին ընկերուհու ծնունդն էր, այդ թեժ օրերին գյուղի ընկերներին ուղարկել էր մեր տուն, որ նվեր տանեին սիրած աղջկան: Շատ էր սիրում ընկերուհուն: Ընկերներին էլ էր շատ սիրում, 3 մտերիմ ընկերներ էին բանակում, պատերազմի ժամանակ, երբ հրամանատարներն ասել են, որ պիտի Շուշի գնան, երեք ընկերներով առաջինն են զենքերը վերցրել ու նստել մեքենան»,-պատմում է Դավիթի քույրը:

Պատերազմի օրերին Դավիթը կռվել է Հադրութում, հետո տեղափոխել են Վարանդայում  (Ֆիզուլի), վերջում՝ Շուշի։
Մայր ասում է՝ չափազանց գաղտնապահ է եղել, այդ պատճառով մինչև վերջին օրը չեն իմացել, որ Դավիթն առաջնագծում է կռվում:
Դավիթը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում՝ իր վրա վերցնելով թշնամու 33 և ավելի փամփուշտ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Ամիրխանյան