Անմահ հերոս Սարգիս Գևորգյան

Սարգիս Արայիկի Գևորգյանը ծնվել է 2000թ-ի մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։ 2006թ-ին ընդունվել է Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը։ 2015-2018թթ սովորել է Սևանի պետական քոլեջում, այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո՝ 2019 թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայության է անցել Ջաբրայիլում (Մեխակավան):

«Մենք երկու եղբայր ենք։ Շատ կապված էինք իրար հետ։ Շատ ընկերասեր, հումորով, միշտ ժպիտով էր։ Իր հնարավորության սահմաններում բոլորին կհասներ, կօգներ։ Շփվում էր և՛ մեծերի, և՛ փոքրերի, և՛ իր հասակակիցների հետ։ Երբեք չէինք տեսնի, որ ինչ-որ բանից նեղվի»,- ասում է Սարգիսի եղբայրը՝ Աղվան Գևորգյանը։

Շատ նպատակներ ուներ Սարգիսը։ Ընտանիքի անդամներն էլ հույսով ու հավատով սպասում էին նրան։ Ուներ սիրած աղջիկ։ Ցանկանում էր ծառայությունից հետո ուսումը շարունակել և ամուսնանալ։

«Եղբայրս հոկտեմբերի 28-ին զանգեց, խոսեցինք։ Ամսի 29-ին ամբողջ օրը չզանգեց, անհանգիստ էինք։ Մտածում էինք վիրավոր է, հույսով փնտրում էինք, որ կգտնենք։ Թեկուզ վիրավոր, միայն թե գտնենք։ Այդ վերջին խոսակցության ժամանակ ասեց, որ շատ է կարոտել, ուզում է գալ։ Պատերազմը վերջանա, գա ուսումը շարունակի։ Ասում էր՝ համալսարանում արտոնություններ կունենամ։ Այդպես սպասումով էլ մնացինք»,- պատմում է Աղվանը։

Սարգիսի մոտ ընկերը՝ Կարեն Նավասարդյանը, ընկերոջ հետ կապված բազում հուշեր ունի.
«Սաքը իր էությամբ բարձր մակարդակի էր, կենսուրախ, հումորի զգացումը շատ բարձր էր։ Անգամ, երբ կատակ էր անում, չէինք հասկանում՝ կատակ է, թե լուրջ։ Որպես ընկեր շատ լավն էր։ Ցանկացած հարցում կողքիս կանգնած էր, լավ խորհրդատու էր։ Չէր սիրում խնդիրների մասին խոսել ու ցույց չէր տալիս, որ խնդիրներ ունի։ Նեղացկոտ էր, բայց շուտ էլ մոռանում էր, թե ինչի համար է նեղացել։ Միշտ ցանկացել եմ իր մարդ տեսակին նմանվել»։

Սարգիսի ամենամտերիմ ընկերը՝ Արտյոմ Ալավերդյանն ասում է, որ շատ բաներ է սովորել ընկերոջից։
«Սաքոն իմ ամենամոտիկ ընկերն է, ոչ թե եղել, այլ ընկերն է։ Միշտ ուրախ։ Ամեն ինչը հումորի էր վերածում։ Իր դեմքից ծիծաղը չէր պակասում։ Նվիրվող ու լավ ընկեր էր։ Իրենից շատ բաներ եմ սովորել։ Ես ու Սաքոն բնավորությամբ էլ էինք նման իրար։ Երկուսս էլ շատ մարդամոտ էինք, կարելի է ասել՝ բոլորի հետ էլ շփվում էինք»։

Դեպքը տեղի է ունեցել Սոս գյուղի տարածքում. Սարգիսը զոհվել է հոկտեմբերի 30-ին անօդաչուի հարվածից։ Օր ու գիշեր փնտրտուքներից 28 օր հետո հարազատները գտան Սարգսին անմահացած։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:

Զառա Թեյմուրազյան