Անմահ հերոս Մոնթե Մելքումյան
Մոնթե Նվերի Մելքումյանը ծնվել է 2001 թվականի մարտի 26-ին։ Հայրը որդուն անվանակոչել է Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով։ Ընտանիքի անդրանիկ զավակն է, ունի երեք քույր։
Տեղի հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում։
Մոնթեի հայրը հետախույզ էր, ու քանի որ հաճախ էր բացակայում տնից ծառայության պատճառով, Մոնթեն օգնում էր ընտանիքին տան գործերում։
– Եթե անգամ իրեն վատություն էին անում, ինքը լավությամբ էր պատասխանում,- պատմում է մայրը` Ստելլա Մելքումյանը։
Ասում են նաև, որ բարի էր, ընկերասեր և բարեկամասեր։ Սիրում էր ֆուտբոլ և շաշկի։
Բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսին, ավելի ուշ շարունակել է հոր ուղղին` տեղափոխվելով հետախուզական վաշտ։ Ծառայում էր Մարտունի 2 զորամասում։
Մայրը նշում է, որ 2020 թվականի փետրվարի 24-ին հատուկ առաջադրանքով ուղարկվել է Սովետաշեն` նոր զենքին տիրապետելու։
– Լավ դիպուկահար էր, պատվով կատարեց առաջադրանքը, արժանացավ երրորդ կարգի շքանշանով,- ասաց մայրը։
Տիկին Ստելլային հայտնի է նաև մի վարկած, որ որդին հոկտեմբերի 24-ին հրամանատարի մեքենայով տեղափոխվում էր Վերին Դղլդա, հասնելուն պես կրակել են մեքենայի վրա, ինչի հետևանքով Մոնթեն վիրավորվել է, բայց կարողացել է դուրս գալ մեքենայից։ Սակայն կրակի հերթական ալիքի ժամանակ, երբ գնում էր ընկերներին օգնելու, անմահացել է։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: