Անմահ հերոս Գրիգոր Մուրադյան
Գրիգորը հաճախ էր կատակում, ասելով՝ երեխեքիս արև, բայց ճակատագիրը նրա համար մի զավակ էր նախատեսել՝ հայրենիքը։
Գրիգոր Արշավիրի Մուրադյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 20-ին Երևանում, ընտանիքի ավագ զավակն է, ունի մի եղբայր։ Զարմուհու՝ Նոնա Թովմասյանի խոսքով՝ փոքր տարիքում չարաճճիության չափ ակտիվ էր, բայց զուգահեռ բարի ու օգնող, սիրում էր ազատ ժամանակն անցկացնել դրսում՝ ընկերների հետ։
-Փոքր ժամանակ միասին խաղում էինք, երբ կամակորություն էր անում, պապիկը ջղայնացավ ու ասաց՝ ինձ շան տեղ չեք դնում։ Գրիգորը երբեք չէր պատասխանում, բայց այս անգամ միամտաբար լացակումած ասաց՝ պապի, ես քեզ ե՞րբ շան տեղ չեմ դնում»,- պատմում է Նոնան։
Գրիգորը բավականին աշխատասեր էր, ամառներն անցկացնում էր գյուղում, տատիկի տուն էր գնում, որ օգներ, սկզբից աշխատանքն էր, հետո տարաբնույթ խաղերը։ Պատմում են, որ չէր սպասում իրեն օգնության կանչեն, ինքնակամ գնում էր։
Գրիգոր Մուրադյանը գերազանց ավարտել է Երևանի համար 110 հիմնական դպրոցը, մշտապես մասնակցում էր միջոցառումներին։ Նոնան պատմում է՝ դպրոցի տնօրենի՝ ամենալավ աշակերտներից մեկի ավարտելու կապակցությամբ հուզմունքի մասին։ Ավարտելով դպրոցը՝ Գրիգորն ընդունվել է Պոլիտեխնիկի քոլեջ։ Այնտեղ նույնպես գերազանց էր սովորում՝ անվճար հիմունքով։
Սովորում էր Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում բաժնում, երազում՝ Երևանում ավտովերանորոգման սեփական կետի մասին։
Երեք տարի քոլեջում սովորելուց հետո՝ Գրիգորը զորակոչվեց հայկական բանակ։ Հարազատների հավաստմամբ անհամբեր սպասում էր 18 տարին լրանալուն, որ գնա բանակ։ Ծառայության անցավ Մարտունի 3-ում։ Ցանկություններից էր, որ բանակում ընկերների հետ մի տեղ ծառայեր, վաշտում ընկերներից ոչ մեկ չկար, բայց դա չէր խանգարում Գրիգորին բարեխիղճ ծառայել։
Ասում են, որ եկեղեցիների նկատմամբ Գրիգորի վերաբերմունքն այլ է եղել. ցանկանում էր այցելել Հայաստանի բոլոր եկեղեցիները, ծառայության ընթացքում էլ խտացրած կաթի տուփերով եկեղեցի էր պատրաստել և տեղափոխել հետը, որտեղ որ ինքն էր տեղափոխվել։
Պատերազմական շրջանում Աղդամում էր։ Զանգում էր միայն մորը, ասում՝ ամեն ինչ լավ է, հետ եմ գալու, ու ավելացնում էր՝ մի տաք բուշլաթ էլ լինի, Բաքու կհասնենք։
Հոկտեմբեր ամսին կապը Գրիգորի հետ կորել էր, փնտրտուքի ընթացքում հարազատները Գորիս էին գնացել ու տեղեկացել, որ Գրիգորը հոկտեմբերի 18-ին անմահացել է, զարմուհին ասում է, որ զինվորի կյանքը խլել է անօդաչու թռչող սարքը։ Հոկտեմբերի 19-ին մարմինը տեղափոխվել է Երևան, հուղարկավորված է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: