Անմահ հերոս Էրիկ Հովհաննիսյան

«Շատ ընկերասեր էր, բարի, համեստ, զուսպ, չէր սիրում իրեն գովել, չէր սիրում աչքի ընկնել, անչափ հայրենասեր էր»,-այսպես է հերոս որդուն՝  Էրիկ Լեռնիկի Հովհաննիսյանին բնութագրում մայրը՝ Հասմիկ Բախշյանը: Այս մասին փաստում են նաև Էրիկի ընկերները, որոնք բոլորը միաբերան ասում են, որ նա շատ համեստ ու խելոք էր:
Էրիկը ծնվել է 2002թ.-ի մայիսի 7-ին Երևանում: Նա դպրոցում սովորելուն զուգահեռ հաճախել է բռնցքամարտի և հանդբոլի: Մայրն ասում է, որ հասցրել է նաև մեդալներ նվաճել. «Էրիկը մանուկ հասակում սիրում էր նաև իր Ասլան պապիկի հետ լողալ: Պապիկը նրան լավ լողալ էր սովորեցրել: Բացի այդ, մինչև բանակ գնալը տղաս ազատ ժամանակ հաճույքով մշակում էր պապիկի այգին ու երազում՝ այգում իր ձեռքերով փայտից սեղան և աթոռներ պատրաստել, որպեսզի հանգստյան օրերին ընտանիքով հաճելի ժամանակ անցկացնենք»:
Տիկին Հասմիկի խոսքով տղան շա՜տ քաղցրակեր էր և ամենից շատ սիրում էր հենց մայրիկի պատրաստած շոկոլադե տորթերը:
Էրիկը մորն ամեն անգամ ասում էր՝ ե՞րբ պիտի մեծանամ ու աշխատեմ, որ դու չաշխատես: Նա արդեն դրել էր իր ապագա աշխատանքի հիմքերը՝ սովորելով ու ավարտելով Երևանի պետական բժշկական քոլեջը: Մասնագիտությամբ ատամնատեխնիկ էր:
Էրիկը քոլեջն ավարտել ու 2020թ.ի հուլիսի 3-ին զորակոչվել է հայկական բանակ: Ծառայությունն անցկացնում էր Արցախում՝ Հադրութի զորամասում. «2 ամիս 24 օրվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Տղաս առաջին օրվանից մինչև վերջին շունչը կռիվ է տվել ամեն մի միլիմետր հողի համար»,-պատմում է տիկին Հասմիկն ու հավելում, որ Էրիկի ընկերներն իրեն պատմել են, որ տղան վզի և ականջի հատվածում բեկորային վնասվածք է ունեցել, առաջարկել են գնալ զինվորական հոսպիտալ, բայց հրաժարվել է. «Պատերազմի օրերին եղբայրս նույնպես կամավորագրվել էր ու գնացել, որ Էրիկի կողքին լինի: Երկուսն էլ Հադրութում էին կռվում, հետո Շուշիում, բայց այդպես էլ միմյանց չեն հանդիպել…»:
Հասմիկը հիշում է՝ զանգելիս մոր որպիսությունը հարցնելուց հետո՝ միանգամից հարցնում էր քեռու մասին, ճշտում արդյո՞ք տուն զանգել է, թե ոչ. «Էիկի հետ վերջին անգամ նոյեմբերի 7-ին եմ խոսել, այդ ժամանակ Շուշիում էր ու կրակոցների ձայները շատ բարձր էին լսվում, իսկ ինքը որևէ բան չէր պատմում, ասում էր՝ մամ, ամեն ինչ լավ է, չանհանգստանաք, կարող է ուշ-ուշ զանգեմ, կապերը վատ են: Այդ օրվանից հետո էլ նորություն չունեցա»:
Մի քանի օր հետո Հասմիկը լուր է ստացել, որ Շուշիում մղվող մարտերի ընթացքում՝ սրտի ու թոքի բեկորային վնասվածքներից որդին զոհվել է:
«Միայն զոհվելուց հետո եմ Էրիկի զինակից ընկերներից իմացել, որ ինքը հատախույզ է եղել և դիպուկահար»:
Զրույցի վերջում ավելի ակնառու է դառնում Էրիկի՝ անչափ հայրենասեր լինելը, քանզի միայն հայրենիքի հանդեպ սերն է դրդում կշեռքի նժարին դնել ամենաթանկը՝ կյանքը…

Իննա Թումանյան