Անմահ հերոս Ցոլակ Խաչատրյան

«Մինչ գնալը Ցոլակը տան բանալիները թողել էր տանը՝
գիտակցելով, որ մի օր չի վերադառնա»
«Եղբայրս օդաչու էր, նրա մոտ օդաչու դառնալու ցանկությունը ծնվել է մանկուց։ Նա վաղ տարիքից գիտեր, որ իր կյանքի ուղին դա է և նրա համար ուրիշ տարբերակ գոյություն չուներ»,-այսպես է սկսում պատմել եղբոր մասին Դավիթը՝ Ցոլակ Խաչատրյանի եղբայրը:
Ցոլակ Սամվելի Խաչատրյանը ծնվել է 1990 թվականի մարտի 4-ին՝ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում:
«Դպրոցում լավագույններից մեկն էր: Դպրոցը քիչ աշակերտներ է տվել, որ նրա պես խելացի են եղել ու օրինակելի: Մեր ժամանակներում դպրոցը 10-ամյա էր ու հնարավորություն կար նաև 8-րդ դասարանից դուրս գալ, ոնց որ հիմա դուրս են գալիս ու գնում են ավագ դպրոց կամ քոլեջ։ Նա նույնիսկ այդ տարիքից էր ուզում դպրոցից դուրս գալ, գնալ ռազմական ոլորտում սովորել, դառնալ օդաչու, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ նա ավարտեց դպրոցը ու դպրոցը ավարտելուց հետո միայն՝ բարձր բալերով ընդունվեց Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան` որպես օդաչու։ Երկու կամ երեք տարի սովորելուց հետո՝ ստացվեց այնպես, որ հանգամանքների բերումով պետք է մասնագիտությունը փոխեր մեխանիկի։ Ճիշտ է, նա չէր համակերպվում դրա հետ, բայց ասում էր՝ «Ես կգնամ ուրիշ երկիր, այնտեղ կսովորեմ, ուրիշ տարբերակ չկա»։ Ու ստացվեց այնպես, որ փոխեց: Ավարտեց՝ որպես տեխնիկ, ավարտելուց հետո անցավ աշխատանքի, աշխատեց մոտ հինգ տարի։ Դրանից հետո նա էլի մասնագիտացումը փոխեց (բորտ-մեխանիկ), որն ի տարբերություն մեխանիկի թռիչք է կատարում։ Նույնիսկ այդ վերջին ժամանակներն էլ նորից հնարավորություն կար բարձրանալու, փոխելու մեխանիկ ու շարունակելու ծառայությունը հողի վրա, ոչ թե երկնքում, բայց նա այդպես չէր ուզում»,-պատմում է եղբայրը, հետո հավելում․ «Փոքր տարիքում, ինչպես բոլոր երեխաները, ես միշտ ձգտել եմ եղբորս նմանվել, իսկ նա չէր սիրում, որ ես ուզում եմ իրեն նմանվել։ Իսկ արդեն մեծ տարիքում, երբ հայրիկիս կորցրինք, նա փոխարինել է իմ հորը ու ընդհանրապես, քանի որ իմ հայրը հիմնականում արտագնա աշխատանքների էր գնում, նա է հորս փոխարինել։ Այսինքն իմ կյանքում երևի ոչ մի գործ, որոշում չի կայացվել առանց նրա մասնակցության։ Եղբորս պես իդեալական եղբայր, կամ նրա պես իդեալական ընտանիքին նվիրված մարդ, նրա պես իդեալական հայրենիքին նվիրված մարդ, ես երևի չեմ հանդիպել: Նա շատ հայրենասեր էր ու հայրենասերները սովորաբար` մանավանդ պատերազմի ընթացքում, նախընտրում են ընդամենը զանգել ու ասել` «Ես կենդանի եմ, ես լավ եմ ու վերջ»: Մեզ այդքանն էլ էր հերիք»:
Ցոլակ Խաչատրյանը ամուսնացած էր, ունի 2 երեխա։
«2-րդ երեխան ծնվեց հուլիս ամսին, հոկտեմբերին եղբայրս զոհվեց ու ոնց որ իր փոքր երեխային այդպես էլ չկարողացավ նորմալ վայելել»,- նշում է եղբայրը:
30-ամյա շիրակցի օդաչուն զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ մարտական առաջադրանքը կատարելիս:
Նրա եղբայրը պատմեց, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը. «Իրենց մասնագիտության ժամանակ այնքան ակնթարթային է եղել դեպքը, որ ոչ մեկ, ոչ մի բան չի հասցրել, իսկ նա գիտեր՝ ուր է գնում, ինչի համար է գնում։ Դա մինչև այդ էլ պարզ էր։ Նա միշտ պատրաստել էր իր կնոջը, որ մի օր այդպես է լինելու: Միշտ ասում էր՝ «Ես հասարակ մարդ չեմ, ես չեմ կարող ուղղակի ապրեմ, ապրեմ ու մեռնեմ, դա իմ համար չէ»: Նա գիտեր, թե ոնց է տեղի ունենում այդ ամեն ինչը, ամենածանր շրջանը երբ է։ Նա միշտ կնոջը ասում էր՝ «Եթե քեզ ասեն՝ չհավատաս, չհավատաս, չհավատաս….»: Որովհետև գիտեր, որ այդ սկզբի պահը, երբ որ դու հավատում ես, դա շատ դաժան է, շատ տանջալից։ Ճիշտ է, դա այնպիսի բան է, որ երբեք չես կարող համակերպվել, բայց հույսը դա շատ մեծ բան է: Նա իր կամքով՝ իր հրամանատարի հետ գնաց: Իր պարտքը կատարեց, մարտական առաջադրանքը կատարեց պատվով և հետ չվերադարձավ….»:
Ցոլակ Խաչատրյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անուշ Գևորգյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: