Անմահ հերոս Գարիկ Բալայան

Փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը ծնվել է 1977 թվականի սեպեմբերի 28-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։

1983-1993թթ․-ին սովորել է ԱՀ Մարտունու թիվ մեկ միջնակարգ դպրոցում՝ բարձր առաջառաջադիմությամբ։ Ուսուցիչների խոսքով` Գարիկը պարզության, հավասարակշռվածության ու համեստության տիպար էր, նա չէր սիրում, որ իրեն գովում էին, չէր փորձում միշտ երևալ առաջին շարքերում, այլ հակառակը՝ միշտ օգնում էր ընկերներին և նրանց հաջողությունները տեսնելն էր իր հաղթանակը համարում։

«Չնայած իր համեստությանը, Գարիկը մեր ուշադրության կենտրոնում էր՝ որպես մեկը մեր լավագույն աշատակերտներից։ Սովորելու ու ամեն անգամ նորը իմանալու ձգտումն իր մեջ եղել է միշտ։ Անգամ վերջին տարիներին՝ ազատ ժամանակի մեծ մասը հատկացնում էր գիրք ընթերցելուն, չնայած նա այնքան նվիրված էր իր ծառայությանն ու հայրենիքին, որ ազատ ժամանակ գրեթե չէր էլ ունենում»,- պատմում են ուսուցիչները։

Բարձրագույն կրթությամբ Գարիկը իրավաբան էր։

1994թ.-ին նա  մեկնել է Իվանյան գյուղ՝ ծառայության անցնելով այնտեղի զորամասերից մեկում։

Ըստ կնոջ` Գարունեի, ծառայությունից Գարիկը տանը գրեթե չէր խոսում։ Այդ մասին ավելի շատ իմանում էին ծառայակից ընկերներից ու զինվորներից։ Շատ բաներ իմացան ամուսնու զոհվելուց հետո միայն։

«Առաջինը, ինչ պետք է նշել փոխգնդապետի մասին, թերևս իր պատասխանատվությունն ու նվիրումն էին իր գործին, որի մասին կարող են փաստել բոլոր նրանք, ովքեր իրեն տեսել են ծառության ընթացքում՝ կլինի դա ընտանիքի անդամ, ընկեր թե ծառայակից, ու ինչու չէ՝ նաև ծառայությունից դուրս, առօրյա կյանքում, որովհետև անգամ արձակուրդների ժամանակ, պարզ հիշում եմ, սրտով ու մտքով իր զինվորների կողքին էր ՝ սահմանին»- պատմեց կինը։

Գարիկի զինվորները պատմում են, որ նա միշտ տարբեր անհրաժեշտ իրեր, քաղցրավենիք ու ծխախոտ էր տանում իրենց համար և որ ամենակարևորն է ՝ ոգի, ուժ և հզոր կամք էր փոխանցում իրենց։

Աղջիկը՝ Գոհարը, միշտ հիշում է այն օրը, երբ ուրախ-ուրախ՝ հայրիկի ձեռքը բռնած, մի օր գնաց զորամաս․ «Երբ ներս մտանք,  զինվորները զգաստ շարված էին, պապան երկար խոսեց նրանց հետ։ Ամենալավը այն էր տպավորվել, որ նա վերջում զիվորներին ասաց. «Պինդ ենք չէ՞, տղե՛րք, ամեն ինչ լավ է լինելու»։ Հիշում եմ, որ դրանից հետո զիվորները շատ ուրախ էին, իրենց ժպիտներն եմ հիշում, իրար հետ խոսելը, մի խոսքով՝ իմ հուշերում այդ դրվագը զինվորների ջերմ ժպիտներով էր ողողված ու միայն տարիներ հետո հասկացա, թե որտեղ էր թաքնված այդ ամենի գաղտնիքը։

Գարիկ Բալայանը զոհվել է 2014 թվականի մայիսի 26-ին՝ ԱՀ Հադրութի պաշտպանական դիրքում։ Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը բավականին լարված էր, թշնամին խոցել էր իրենց դիրքի դիտակետը և այն պետք էր վերակառուցել. հրաման էր, որը պետք է կատարվեր։

Բալայանի զիվորներից մեկը պատմում է, որ այդ օրը Գարիկը մի այլ տեսակի լուռ էր, ավելի մտամոլոր ու այն վճռականությամբ, որ դիտակետը պետք է ինքը սարքի ՝ չնայած նրան, որ դա վաղուց իր գործը չէր, իր գործը՝ հրաման տալն էր։ Այդ նույն զինվորը հրամանատարին ասել էր, որ ինքը կբարձրանա և կսարքի դիտակետը, բայց փոխգնդապետը չհամաձայնեց, նա բարձրացավ, սկսեց աշխատել և վերջին մի քանի րոպեներին՝թշնամու գնդակը խլեց նրա կյանքը..․

Տարիներ հետո Գարիկի ծառակից ընկերը` Արթուր Քոչարյանը, ընտանիքին ասել է, որ դիտակետը դեռ այն նույն դիրքում է, այն նույն ձևով շարված՝ ինչպես թողել է փոխգնդապետը։

«Շատ հայրենասեր ու հոգատար էր, միշտ զինվորների կողքին էր՝ ամեն իրավիճակներում։ Մենք ծառայել ենք միասին, շատ կարգուկանոնով ծառայող էր»,- ասում է ծառայակից ընկերը` Լորենցը։

Կնոջ խոսքով` նա այն կերպարն էր, որը զինվորի կողքին կանգնում էր նույն շարքում՝ որպես նրան և՛ եղբայր, և՛ ավագ ընկեր․ «Նա գիտեր, որ հայրենիքը ամենամեծ սրբությունն է, իսկ հայրենիքին անմնացորդ նվիրվելը՝ այս կյանքում իր առաջին և ամենակարևոր պատգամը։ Չէ՞ որ հայրենիքի հանդեպ սերը սկսվում է սահմանից, իսկ սահմանին կանգնածը՝ հայ զինվորն է։

Գարիկ Բալայանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալլա Մանուկյան