Անմահ հերոս Արման Մնացականյան

Արման Արթուրի Մնացականյանը ծնվել է 2004 թվականի դեկտեմբերի 28-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Գառնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում։

«Շատ երազանքներ ուներ կապված բիզնեսների հետ։ Երազում էր ամենալավ մեքենան ունենալ։ Շատ էր սիրում սպորտը, ըմբշամարտիկ էր, ուներ շատ հաղթանակներ»,-պատմում է մայրը` Իրինան։

Արմանի և՛մանկության, և՛ ծառայակից ընկերը` Հովհաննեսը, պատմում է, որ անհոգ մանկություն են ունեցել։ Նրա համար Արմանը իսկական ընկեր էր, միշտ իր կողքին` թե՛ ուրախության, թե՛ տխրության ժամանակ։ Մի անգամ գյուղում տղաներով անտրամադիր նստել էին, Արմանը եկել, տեսել էր, որ հեռախոսով են տարվել։ Այդ պահին առաջարկել է թիմերի բաժանվեն ու ըմբշամարտեն իրար հետ։

2020 թվականին՝ միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո, ուսումը շարունակել է ԱՀ  մայրաքաղաք Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացու» անվան համալսարանի սպորտի և ֆիզկուլտուրայի բաժնում։ Կրթությունը թողնելով կիսատ` 2023 թվականին մեկնել է ծառայության։

Ծառայել է Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։

«Երբ ծառայությունից հարցնում էի, ասում էր, որ ծառայության գաղտնիքը  մնում է զորամասում: Շատ էր սիրում  ծառայությունը ու այն մեծ պատասխանատվություն էր նրա համար,- ասում է մայրը։

Մի քանի ամիս ծառայելուց հետո՝ ինքնակամ տեղափոխվել է Ներքին Հոռաթաղի հրետանու զորամաս։

«Ծառայության ժամանակ այնպես եղավ, որ իրենց վաշտում ինքն էր հերթապահ, մեր վաշտում` ես։ Արցախում շրջափակում էր ու քաղցրավենիք հազարից մեկ էինք ուտում։ Այդ հերթապահության ժամանակ զանգեց, ասաց՝ «Սուրճ դի՛ր, մինչև գամ»։ Որոշ ժամանակ անց իր հետ քաղցրավենիք բերեց և եկավ սրճելու։ Այդ գիշերը եղել է իմ ծառայության ամենալավ գիշերը»,-պատմում է Հովհաննեսը։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Արմանը եղել է դիրքերում։

«Մեր վերջին զրույցը եղավ մեր գյուղում, երբ կրկին տղաներով հավաքվել էինք։ Այդ ժամանակ ես պայմանագրային ծառայող էի ու տուն էի եկել 14 օրով, իսկ Արմանը՝ ազատ օր էր վերցրել եկել գյուղ։ Ինձ զանգեցին ու տագնապով կանչեցին։ Նա ինձ ոգեշնչում էր, ասելով, որ ամեն ինչ լավ է լինելու»,- հիշեց Հովհաննեսը։

Մոր խոսքով` Արմանի ձայնը լսել է կռվից մեկ ժամ առաջ, բայց վատ կապի պատճառով չի կարողացել երկար խոսել։ Իր վերջին բառը եղել է Արմա՜ն, իսկ որդունը` մա՜մ։

Արման Մնացականյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝  Մաղավուզ գյուղի դիրքերում։

Այս ամենին ընկերը հավելեց, որ ուշ իմացավ Արմանի կորստի մասին․ «Լսել էի, բայց չէի հավատում։ Երբ գնացի ընկերոջս մոտ ու նա ասաց, այդ ժամանակ ոչինչ չէի զգում։ Քարացած վիճակում էի գտնվում»։

Արմանը հուղարկավորված է «Եռանլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալլա Մանուկյան