Անմահ հերոս Հարություն Կարապետյան

Հարություն Համլետի Կարապետյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 6-ին՝ քաղաք Գյումրիում։ Ութնամյա կրթությունը ստացել է Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում, որից հետո կատարել է տարբեր աշխատանքներ՝ ընտանիքին ֆինանսապես աջակցելու համար։ 2014 թվականին զորակոչվել է հայկական բանակ՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մարտակետի զորամասերից մեկում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

«Լավ էր ծառայում, 2015 թվականին զինակից ընկերոջ  հետ թշնամու հատուկջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել, որի համար պարգևատրվել է ու արձակուրդի հնարավորություն ստացել»,-պատմում է մայրը։

2016 թվականին  մասնակցել է Ապրիլյան պատերազմին․

«Որդիս մեծ ուժ էր տալիս այդ օրերին՝ ասելով, իբրև անվնաս ու ապահով տեղում են իրենք։ Ավելի ուշ տեղեկացա, որ Մատաղիսն իրականում պատերազմական թեժ կետերից  մեկն էլ եղել։ Ինձ ոգևորում ու հույս էր ներշնչում, ամեն զանգելիս ասում էր,հնարավորինս շատ աղոթենք»։

Պատերազմի ավարտից հետո` Հարությունը զորացրվել, այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի, որից հետո վերադարձել է հայրենիք և, թեև մայրը դեմ էր,  անցել է պայմանագրային ծառայության։

Մայրը պատմում է, որ Հարությունը 15-օրյա արձակուրդում է եղել, երբ  2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ մոտավորապես ժամը 6-ին, զանգահարել, տեղեկացրել են պատերազմի մասին ու նա շտապ մեկնել է Մատաղիս։

Հարությունի եղբայրը՝ Հայկը, որը ևս պայմանագրային զինծառայող էր, եղել է եղբոր հրամանատարը. «Միասին ենք ծառայել մինչև 2020 թվականը, 44-օրյային էլ՝ Մատաղիսում 500 մետր հեռավորության վրա էինք կռվում։ Ինքը տեղանքին ծանոթ էր, քանզի Ապրիլյանին ևս Մատաղիսում է կռվել, տեղանքի կողմնորոշման հարցերում էր օգնում։ Եթե չեմ սխալվում, պատերազմի 10-րդ օրն էր, երբ թշնամու 7-10 հոգանոց զինված խումբ էր հարձակման փորձ արել, որի կասեցման գործում՝ զգալի էր Հարութի ներդրումը»։

Հարությունը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12-ին, հակառակորդի անօդաչու թռչող սարքից արձակված արկի պայթյունի հետևանքով։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար՝ Հարություն Համլետի Կարապետյանը հետմահու պարգևատրվել է պատվոգրով և Արցախի Հանրապետյության «Մարտական ծառայություն» մեդալով։

2024 թվականի ապրիլի 6-ին՝ Հարությունի ծննդյան օրը, ի հիշատակ իր հերոսության՝ խաչքար է տեղադրվել հայրենի Գյումրի քաղաքում:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Էվանեսյան