Անմահ հերոս Հրաչյա Պողոսյան

Հրաչյա Վաչիկի Պողոսյանը ծնվել է 1995 թվականին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոռնիձոր համայնքում։ Տասնամյա միջնակարգ կրթությունը ստացել է Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան դպրոցում՝ սկսած 2002 թվականից։

«Հրաչյան՝ մանկության տարիներից ի վեր, եղել է շատ ակտիվ, աշխատասեր, նպատակասլաց, սկզբունքային ու ազատատենչ, բարի և հոգատար։ Նա մշտապես օգնում էր համագյուղացիներին կենցաղային հարցերում»,- պատմում է քույրը՝ Հասմիկը, ավելացնելով, որ իրենք այդ ժամանակ ֆինանսապես ծանր վիճակում էին ապրում. «Հայրս մասնակցել էր Արցախյան ազատամարտին, որից հետո՝ զոհվել էր արկի պայթյունի հետևանքով, իսկ ֆինանսական աջակցությունը չնչին էր»։

2013 թվականից Հրաչյան անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ Դիլիջան քաղաքի զորամասերից մեկի զրահատանկային գումարտակում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ և պատասխանատվությամբ, արժանացել խրախուսանքների ու շնորհակալագրերի։ Ծառայությունն ավարտելուց հետո՝ 2015-ից, աշխատանքի է անցել Ազգային Անվտանգության Ծառայության սահմանապահ զորքերում։

2016 թվականին մասնակցել է Ապրիլյան պատերազմին՝ մարտնչելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի ուղղությամբ։

2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Հրաչյան գտնվել է Ջրականի դիրքերում։

Հրաչյայի զինակից ընկեր Գագիկ Գրիգորյանն ասում է, որ նա շատ խելացի, ընդունակ, աշխույժ, լսող տղա էր․ «Հրաչյայի ուշադրությունը միշտ դեպի ընտանիքն էր՝ մայրը, քույրը։ Մենք միասին Վայքում էինք, երբ տագնապ եղավ ու մեզ Ջրական տարան։ Նա ամեն գնով փորձել է հետ շպրտել թշնամու յուրաքանչյուր առաջխաղացում, ասում էր, որ, եթե այստեղից թուրք շարժվի, առաջինն իր հայրենի Կոռնիձոր է մտնելու»։

Պատերազմի ընթացքում զինվորը հարազատների հետ հաճախ է կապ հաստատել, ծանոթների միջոցով՝ գումար է  ուղարկել. «Ես ու երեխաներս Ստեփանակերտից տեղահանվում էինք, մեզ համար Գորիսում տուն էր գտել։ Վերջին անգամ հոկտեմբերի 6-ին է զանգել, տարօրինակ զգացողություն ունեի, կրկին իրեն զանգեցի»,-պատմում է քույրը։

Հոկտեմբերի 13-ին ընկերը՝ Գագիկը, հոսպիտալացվել է ու մեկ օր անց տեղեկացել, որ թեժ մարտեր մղելուց հետո՝ Հրաչյան և հրամանատարը զոհվել են, հակառակորդի՝ անօդաչու թռչող սարքից արձակած արկի հարվածի հետևանքով։

Հրաչյան հուղարկավորվել է Գորիսի զինվորական պանթեոնում։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար, Հրաչյա Վաչիկի Պողոսյանը  հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Էվանեսյան