Անմահ հերոս Պավլիկ Պետրոսյան

Պավլիկ Արայիկի Պետրոսյանը (Գոջո) ծնվել է 2001 թվականի մայիսի 2-ին՝ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում։ 2007 թվականից հաճախել է Իրինդի՝ Միքայել Քոթանյանի անվան միջնակարգ դպրոց։
Պավլիկի փոխարեն՝ նրան բոլորը դիմում էին «Գոջո» մականվամբ, քանզի տատն էր այդպես անվանակոչել թոռանը։
«Քանի որ թմբլիկ էր, տան բոլոր անդամներով այդպես էինք դիմում»,-մեկնաբանում է մայրը`Լուսինեն։
Մայրը պատմում է, որ Պավլիկը մանկության տարիներին զբաղվել է ըմբշամարտով և ֆուտբոլով, շատ աշխույժ է եղել։
Հորեղբոր աղջիկը`Սյուզին, պատմում է իր ամենաջերմ հուշերի մասին․ «Հիշում եմ, որ Պավլիկն ուզում էր՝ հատուկ վերջին զանգի համար յարխուշտա պարել սովորել, գալիս հասնում էր մեր գյուղ` Աշնակ ու ասում, որ ես սովորեցնեմ։ Մի քանի օր իրար վրա եկավ, վերջը՝ սովորեց։ Շատ շախով էր պարում։ Իր մեջ ուրիշ ջիգյար կար ու դա նույնիսկ պարելուց էր զգացվում։ Նա մեր գյուղը շատ էր սիրում, որ գալիս էր՝ անընդհատ գյուղի տեսարժան վայրերն էի ցույց տալիս, շատ հետաքրքրված էր բնությամբ ու գյուղի կյանքով»։
Պավլիկը համակարգիչների ու ծրագրավորման հետ սեր ուներ, նպատակ ուներ ծառայության ավարտից հետո շարունակել հենց այդ ոլորտում։
2019 թվականին ծառայության մեկնեց Արցախի Հանրապետություն (օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Ծառայում էր Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Նա եղել է կապավոր։
Պավլիկի քույրը`Միլենան, հինգ տարեկան է եղել, երբ եղբայրը զոհվել է։ Շատ բան չի հիշում, բայց եղբոր մասին խոսելիս՝ հուզվում է։
Պավլիկի հորեղբոր աղջիկը` Սերինեն, եղբոր մասին խոսելիս հիշեց, որ երբ գնացել էին Արցախ՝ երդմնակալության արարողության, առաջին կտոր խորովածը Պավլիկին տվեցին, որ ուտի, բայց տղան բերեց ու տվեց իրեն․ «Ում սիրում էր, սիրում էր անմնացորդ»։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Պավլիկի հետ վերջին անգամ ընտանիքը խոսել է հոկտեմբերի 20-ին․ «Մեզ ասաց, որ ամեն ինչ լավ է ու էլ ոչինչ չենք խոսել»,-ասում է մայրը։
Պատերազմական գործողությունների ընթացքում՝ ընտանիքի անդամները համացանցով տեսնում են Պավլիկ Պետրոսյանի և իր ծառայակից ընկերների լուսանկարները, որոնք լուսանկարվել և հրապարակվել էին «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանի կողմից։
Սերինեի խոսքով` շատ հաճախ էին խոսում իրար հետ, հատկապես՝ պատերազմի օրերին ու Պավլիկը անդադար իրեց մանկության օրերն էր հիշում։ Երբ քույրը հարցնում էր ինչո՞ւ է հիշել մանկությունը, պատասխանում էր, որ չգիտի, ուղղակի հիշել է։
Պատերազմի ծանր օրերին Սերինեի մտքով անցնում էր, որ վատ բան է պատահելու Պավլիկին։ «Պատճառը նրա մի տեսակ խոսելն էր, վստահ չէր, որ հետ է գալու»։
Թեժ մարտեր մղելուց հետո՝ հոկտեմբերի 29-ին, Պավլիկին տեղափոխել են ԱՀ Մարտունու շրջանի դիրքեր։
Զոհվել է հանուն հայրենիքի՝ հոկտեմբերի 31-ին, Ճարտարում՝ ադրբեջանական հատուկ ջոկատայինների գրոհը կասեցնելիս։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալլա Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: