Աբրահամ Գևորգի Սադոյան

Աբրահամ Գևորգի Սադոյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 24-ին՝ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։
Մայրը՝ Շողեր Մկրտչյանը, պատմում է, որ հայրենասիրությունն Աբրահամի մոտ մանկուց է նկատելի եղել. «Երեք տարեկան հասակում խնդրել էր իր համար զինվորի հագուստ գնել և երբ հագուստը վերցնելիս տեսել էր, որ եռագույն դրոշ չկա վրան՝ խնդրել էր փակցնել»։
Աբրահամը մանուկ հասակում շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ։ Երկու տարի խաղացել է Կոշ գյուղի ֆուտբոլի թիմում։
«Աբրահամը շատ ընկերասեր էր, բոլորին նվիրված։ Եթե որևէ մեկը նրա օգնության կարիքն ուներ, չէր մերժում՝ լիներ հարազատ մարդ, ընկեր, թե անծանոթ»,- պատմում է Աբրահամի մայրը, հավելելով, որ որդին ազատ ժամանակը բաց չէր թողնում՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։
2005-2007թթ. սովորել Է Աշտարակի՝ Ներսես Աշտարակեցու անվան համար 1 հիմնական դպրոցում, ապա՝ երրորդ դասարանից տեղափոխվել է Կոշի միջնակարգ դպրոց։
«Դպրոցում եղել է զուսպ, կարգապահ աշակերտ։ Շատ սիրել և շատ լավ սովորել է մաթեմատիկա առարկան, ուսուցչուհին ամեն անգամ ասում էր, որ Աբրահամն այդ դասարանի մաթեմատիկոսն է։ Մինչև 5-րդ դասարան սովորել է գերազանց»,- նշում է մայրը։ Աբրահամը համալսարան ընդունվել չի հասցրել, դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է հայկական բանակ:
«Ինձ հեծանիվ ու չմուշկ քշել էր սովորեցնում։ Չնայած, որ այդքան էլ լավ չէր ստացվում՝ չէր հանձնվում, որ սովորեմ։ Մենք շատ մոտ ենք եղել, չնայած կռվել-բարիշել ենք բոլոր նորմալ քույր-եղբայրների նման, եթե որևէ բան էր լինում ինձ հետ, կամ անտրամադիր էի լինում, միանգամից հարցնում ու հետաքրքրվում էր»,- պատմում է Աբրահամի քույրը՝ Աննան, ընդգծելով, որ եղբայրը ընկերասեր էր ու մարդկանց հետ լավ հարաբերություններ ուներ։
2020 թվականի հուլիսի 31-ից Աբրահամ Սադոյանը Մեղրիի՝ Ագարակի զորամասերից մեկում էր։ Հաստիքով վարորդ էր։
Մայրը պատմում է, որ հաճախ էր զանգում, ծառայությունից գոհ էր, իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի սկսելուց հետո՝ ամեն բան արել է ընտանիքի անդամներին հանգստացնելու համար, ասել է, որ Մեղրու դիրքերում է, առաջնագծից հեռու։
«Հետո իմացել ենք, որ առաջին իսկ օրվանից պատերազմի դաշտում է եղել, սկզբում՝ Ջրականի դիրքերում, հետո տարել են Հադրութի շրջան, հետո՝ նորից Ջրական։ Ընկերների մի մասը զոհվել է հոկտեմբերի 5-ին, իրենց հետ մի քանի հոգի վիրավորվել են։ Վերջին մարտից առաջ՝ իրենց խմբի ողջ մնացած տղաներին հետ են տարել զորամաս, որ նրանց ուրիշները փոխարինեն, բայց Աբրահամը ինքնակամ ցանկություն է հայտնել նորից հետ գնալ»,- պատմում է Աբրահամի մայրը։
Վերջին անգամ տուն զանգել է հոկտեմբերի 9-ին։ Երկար խոսել է ընտանիքի անդամների հետ, ասել, որ հնարավոր է՝ մի ժամանակ կապի դուրս չգա, քանզի համարներն անհասանելի են։
Հենց այդ գիշեր՝ ժամը երեքի սահմաններում, Աբրահամը զոհվել է անօդաչու թռչող սարքից ստացած բեկորային վնասվածքներից։
Պատերազմի սկզբին՝ Աբրահամն ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, մարտի դաշտում ցուցաբերած վարքի համար ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: