Անմահ հերոս Գոռ Համբարձումյան

Գոռ Վարդանի Համբարձումյանը ծնվել է 2002 թվականի օգոստոսի 6-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Ջրվեժի միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի հենակետային բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկի մասնագիտությամբ։ Քոլեջն ավարտելուց հետո՝ ընդունվել է Եվրոպական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ։ 2021թվականի մարտի  3-ին  զորակոչվել է հայկական բանակ և ծառայության է անցել Կապանի զորամասերից մեկում։

Գոռը ծառայել է սիրով, երբ սկսել են բարձրանալ դիրքեր՝ սկսել է էլ ավելի սիրել ծառայությունը։ «Հատկապես շատ էր սիրում Ներքին Հանդի Սոսիների պուրակը և միշտ ասում էր, որ իր համար  ամբողջ աշխարհում չկա այնպիսի մի վայր, որ ունենա այդ պուրակի բնության գեղեցկությունից։ Նա շատ էր սիրում Սյունիքը ու հիանում էր չքնաղ բնությամբ։ Ասում էր՝ «Հինգ մատիս նման գիտեմ Կապանը, այնպես՝ ինչպես  իմ ծննդավայր Երևանը»։  Փոքր հասակում  ութ տարի հաճախել է բոքսի։ Բոքսից ունի բազմաթիվ պատվոգրեր, մեդալներ։ Բանակում իր ֆիզիկական պատրաստությունը տեսնելով՝ իրեն կանչել են, որպեսզի հետախուզական վաշտում ծառայի, հետո կրկին անցել է դիրքային ծառայության, քանի որ ուզում էր դիրքեր բարձրանալ, եղել է նաև բուժեղբայր, բայց կրկին չի ուզել, քանի որ քիչ կբարձրանար դիրքեր։ Միշտ ասում էր՝ «Ես ուզում եմ հայրենիքիս համար մի լավ գործ անեմ, որ 2 տարի հետո  խիղճս հանգիստ լինի։ Ավելի լավ է մարդ ապրի քիչ ժամանակահատված, բայց իր հայրենիքին պիտանի լինի, իրեն հիշեն»»,-պատմում է մայրը  Անժելան։

Դպրոցում Գոռը լավ է սովորել, հատկապես՝ պատմություն ու աշխարհագրություն առարկաներին է լավ տիրապետել։

«Մենք միասին մեծացել ենք նույն բակում, այնուհետև հաճախել ենք նույն դպրոցը, Գոռը ինձնից ընդամենը մեկ տարի էր մեծ։ Ամբողջ օրը դրսում տարբեր խաղեր էինք խաղում։ Խաղալու ժամանակ փախչում էր տուն, ժամերով փնտրում էինք, հետո հաց ու պանիրը ձեռքին դուրս էր գալիս»,- ժպիտով հիշում է մանկության ընկերներից Սեդրակը ու շարունակում. «Մեծ սրտով, բարի, կամեցող, հասնող տղա էր Գոռը, միշտ թույլի կողքին։ Ծառայության ընթացքում միշտ կապի մեջ ենք եղել,  ամեն օր խոսել ենք, եղել ենք տարբեր զորամասերում, գրեթե բան չէր պատմում ծառայությունից ու միշտ ասում էր, որ եթե միասին նույն տեղում ծառայեինք՝ երկու տարի չէ երեք տարի էլ կծառայեր»։

Գոռը եղել է դիրքի ավագ և ծառայակից ընկերների խոսքով՝ զինվորները միշտ ցանկացել են նրա հետ դիրքեր բարձրանալ, իր՝ համբերատար, բարի նվիրված բնավորության պատճառով ու միշտ զինակից ընկերներին հորդորել է դիրքում երբեք ու երբեք չքնել, քանի որ թիկունքում իրենց ընտանիքն է,  զինակից ընկերներն են և չքնաղ հայրենիքն է։ Իր հերթապահության ընթացքում երկու անգամ դիվերսիոն հարձակում է եղել և որպես դիրքի ավագ՝ ծառայակից ընկերների հետ  գերազանց պահել է դիրքը, առանց զոհի ու վիրավորի բոլորը դիրքերից իջել են։ Մեկ օրում երկու անգամ են Գոռին պարգևատրել. ՀՀ զինված ուժերի «Քաջարի մարտիկ» և«Մարտական հերթապահության համար» կրծքանշաններով։

«Գոռի հետ ծանոթացել եմ Կապանում, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ընկերս  Կապանի  զորամասի մոտ փոքրիկ ճաշարան էր բացել, ինձ էլ կանչել էր, որ միասին աշխատեինք։ Գոռը բարձր մարդկային հատկանիշներով օժտված, շատ հայրենասեր տղա էր։ Շատ էր հպարտանում Մոնթե Մելքոնյանով ու կարելի է ասել՝ իր իդեալը Մոնթեն էր։ Հաճախակի էինք իրար տեսնում, զրուցում, ես միշտ ասում էի, որ պատերազմն անխուսափելի է, Գոռն էլ ասում էր, որ այս անգամ հաղթելու ենք, մինչև վերջ կռվելու ենք մինչև թշնամին հետ գնա։ Գոռը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես շատ ուժեղ տղա էր, չէր սիրում անարդարությունը, միշտ թույլի կողքին էր։ Բարձր մարտական ոգի ուներ և նա ապացուցեց դա 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին սանձազերծված պատերազմի ժամանակ»,-պատմում է ընկերը՝ Կարենը։

Գոռը մեկուկես տարվա ծառայող է եղել, երբ սկսվել է 2022 թ.-ի սեպտեմբերի 13-ի պատերազմը։ Սեպտեմբերի 12-ին՝ երեկոյան, հաղորդագրություն է ուղարկել մայրիկին՝ ասելով, որ ամեն բան կարգին է։ Վերջին անգամ մորը զանգահարել է սեպտեմբերի 13-ին, հետագայում զինակից ընկերները փոխանցել են, որ այդ ժամանակ եղել է շրջափակման մեջ, բայց կրկին ծնողներին հորդորել է չանհանգստանալ և եղել է շատ բարձր տրամադրությամբ։ Գոռը փրկել է քսաներկու նորակոչիկների կյանք, քանի որ լավ է տիրապետել տեղանքին, ցույց է տվել ճիշտ ճանապարհը, որպեսզի իջնեն, իսկ ինքը ինը ընկերների հետ միասին մնացել է Ներքին Հանդի դիրքերում՝ շարունակելով մարտը։

Նրանք  մեծաթիվ զոհեր են հասցրել թշնամուն ու  Ներքին Հանդի բնակիչները ասել են, որ այդ մի քանի զինվորների շնորհիվ է, որ թշնամին չի կարողացել մտնել գյուղ։

Գոռ Համբարձումյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ հենց Ներքին Հանդի դիրքերում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Ջրվեժի ընտանեկան գերեզմանատանը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան