Անմահ հերոս Սերգեյ Գաբրիելյան

Սերգեյ Արթուրի Գաբրիելյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 2-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նախնական կրթությունը ստացել է Աշոտ Ղուլյանի անվան միջնակարգ դպրոցում։ 9-րդ  դասարանն ավարտելուց հետո՝ ընդունվել է Գրիգոր Նարեկացու անվան քոլեջ։

«Սերգեյը սիրում էր վոլեյբոլ, հաճախում  էր վոլեյբոլի և կարատեի խմբակների։ Արդեն պետք է սև գոտի վերցներ, բայց կիսատ թողեց երկու խմբակներն էլ և դուրս եկավ նախավերջին գոտիով։ Ինքը ոտքի խնդիր ուներ, իրեն չէին տանում բանակ, բայց իր դիմումի համաձայն՝ վեց ամիս անց զորակոչվեց բանակ։ Ծառայել է սիրով, իրեն բոլորը սիրել են։ Վերջին անգամ ինձ զանգել է հոկտեմբերի 7-ին, երեկոյան ասում էր, որ ամեն ինչ լավ է, իրեն վտանգ  չի սպառնում։ Փրկել է  ծառայակիցների կյանքը, ցավոք ինքը չի փրկվել։ Հայրը՝ Արթուրը, ևս  մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին, վետերանների միության անդամ էր, սխրանքների համար ստացել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան»,- պատմում է մայրը` Աիդան։

Քոլեջն ավարտելուց հետո` 2018-ի հունվարի 31-ին, Սերգեյը  զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Զինվորական մասնագիտությամբ հրաձիգ է և մի քանի ամսով նրան տեղափոխել էին Արմավիր՝  սովորելու և սերժանտի կոչում ստանալու։ Ամբողջ վաշտում Սերգեյին ճանաչում էին՝ որպես ամենալավ հրաձիգ։

«Սերգեյի հետ երկար ժամանակ չենք հասցրել ծառայել, որովհետև երբ տղափոխվել եմ Սերգեյենց գումարտակ՝ ամիսը չլրացած սկսվել է պատերազմը։ Շատ հոգատար ընկեր էր, մտերմիկ էր բոլորի հետ։ Ինչպես որ ծառայության մեջ էր ակտիվ՝ այդպես էլ պատերազմական գործողությունների ժամանակ»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Սևակը։

2020թ.-ի  սեպտեմբերի 27-ին տագնապով բարձրացել են Մարտակերտի դիրքեր,  այնուհետև՝  իրենց 4-րդ գումարտակը Գիշի գյուղ են տեղափոխել, հետո էլ տարել են Մարտունու շրջան օգնության։ Այնուհետև՝ առաջացել են Մարտունու Ճարտարի Ուլյան լեռ կոչվող բարձունքը, որտեղ էլ հոկտեմբերի 30-ին՝ դաժան մարտերի ժամանակ, վիրավոր ընկերներին փրկելիս Սերգեյը զոհվել է՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Միասին ծառայել ենք Մարտակերտում։ Ամենալավ մարդկային հատկանիշներն ուներ։ Մինչև պատերազմի սկսվելը ծառայել ենք միասին, պատերազմական գործողությունների ժամանակ իրեն դրսևորել է հերոսի նման։ Ինքը տարիքով մեծ էր մեզնից ու բոլոր պատասխանատու գործողությունները ինքն էր  առաջինը գնում կատարելու (հաց ու ջուր բերել, զենք զինամթերք հասցնել)։ Մինչև վերջին պահն էլ նա մնացել է կանգուն, չի երկնչել,  դիմադրել է թշնամու դեմ մինչև վերջին շունչը, օգնել վիրավոր ընկերներին և զոհվել մարտի դաշտում»,- պատմում է ծառայակից ընկերը` Արամը։

Սերգեյի աճյունը հանգչում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։  Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

 Մանե Մանուկյան