Անմահ հերոս Էդուարդ Ղազարյան

Էդուարդ Ալեքսանդրի Ղազարյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 30-ին՝ մայրաքաղաք Երևանում։

Սովորել է Երևանի համար 83 և համար 130 դպրոցներում, Պոլիտեխնիկի ավագ դպրոցում։ Այնուհետև՝ ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էլկտրոնիկայի բաժին։

«Էդուարդը շատ բարի էր, չափազանց շատ հումորով էր»,- ասում է Էդուարդի մայրը՝ Նատալյա  Պապանյանը։

Նա նաև հավելում է, որ Էդուարդը հայրենի հողի հետ շատ էր կապված, չէր ցանկանում այլ տեղ ապրել, անգամ կարճ ժամանակով երկիրը լքելիս՝ անհամբեր վերադարձի օրվան էր սպասում։

Էդուարդը շատ էր սիրում ֆուտբոլ և կարատե, կյանքի մի շրջանում հաճախել է կարատեի մարզումներին։

Էդուարդի ընկերներից Դավիթ Վոտրուբան պատմում է, որ դեռ մանկուց՝ շատ հաճախ իրենց եղբայրների տեղ էին դնում։ Նա Էդուարդի մարդկային հատկանիշներից առաջինը նշում է մեծ սրտի ու հաստատակամության մասին։ Ասում է, որ ընկերն իր խոսքի տերն էր.

«Մեր ընկերության սյունն էր, երազում էր, որ մենք ընկերներով լուրջ բաների հասնենք ու անում էր հնարավորը՝ ընկերությունը չքանդվի»,- պատմում է Դավիթը՝ հավելով, որ անգամ պատանեկան և այլ անցումային շրջաններում, երբ ինքնակառավարումը կորցնելը շատ հեշտ էր թվում, Էդուարդը կարողանում էր մտնել բոլորի դրության մեջ, չէր թողնում, որ ընկերների մեջ միջադեպ լինի.

«Շատ հոգատար է եղել, ամեն գնով փորձում էր ընկերներին հեռու պահել վատ սովորություններից»։

Ընկերներից Ռաֆայել Վարդանյանը՝ Էդուարդի հավատարմության ու նվիրվածության մասին է հիշում.

«Ինքը պատրաստ էր զիջել, որ դիմացինին լավ լինի, դա ցույց չէր տալիս, դիմացինը պետք է զգար»,- պատմում է նա, նշելով, որ Էդուարդն ամեն անգամ զգում էր, թե ինչ է լինելու ու հաճախ իրավիճակները իր զգացած վերջաբանն էին ունենում, անգամ բանակ գնալուց առաջ՝ ընկերներին ասում էր, որ մի բան այն չի լինելու։

Էդուարդին ու Ռաֆայելին անգամ հեռավորությունը չի խանգարել։ Էդուարդը մշտապես ընկերների ուրախությամբ ուրախացել է և ցանկացել է նրանց բոլորի հաջողությունը՝ ընդունելով որպես իր հաջողություն։

Տղան ուսմանը նույնպես ուշադրություն էր դարձնում և թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում տրված նյութերը՝ արագ ու հեշտ էր սերտում։

2018 թվականի սեպտեմբերից սովորում էր Պլիտեխնիկական համալսարանում, իսկ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվեց հայկական բանակ։ Ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի զորամասերից մեկում՝ որպես գնդացրորդ։

«Երբ երդվեց ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի փոխարեն հստակ շեշտադրությամբ ասաց՝ Հայաստանիս, ու կարծում եմ դա պատահական չէր, դա ցույց էր տալիս, թե որքան է նա կապված հայրենիքին»,- պատմում է Նատալյա  Պապանյանը։

Տուն հաճախ էր զանգում, բայց կարճ էր խոսում, միայն ասում էր, որ լավ է, ընկերոջ խոսքով էլ՝ բողոքելու սովորություն ընդհանրապես չուներ, հեռախոսազանգերը ջերմությամբ էին ավարտվում։

Բայց 2020 թվականի սեպտեմբերի վերջին՝ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ, տուն է զանգել ու սովորականից երկար խոսել։  Մի ժամ մորից հարցրել է իրեն հետաքրքրող ամեն ինչի մասին։ Մի ծառ կա բակում, որը սովորականից շուտ է դեղնում, անգամ դրա մասին է հարցրել.

«Ինքը մի բան գիտեր, բայց ոչինչ չէր ասում, հետո միայն հասկացա, նա գալիքն իմանալով՝ ուզում էր մի անգամ ևս իր սիրելի Երևանն իմ աչքերով տեսնել»,- պատմում է մայրը։

Սեպտեմբերի 27-ից կռվել են Մարտունու շրջանի՝ իրենց պաշտպանական բնագծում, անառիկ պահելով այն։ Յոթանասուներեք հոգով կարողացել են ակտիվ մարտեր վարել ու հակագրոհներ կազպակերպել մինչև հոկտեմբերի 11-ը։

«Տրամադությունը միլիոն էր»,- հիշում է ընկերը՝ Դավիթը. «Ասում էր՝ առաջ ենք գնում, ամեն ինչ լավ է»։

Հոկտեմբերի 11-ին հրաման են ստանում գնալ դեպի Հադրութ։ Առավոտյան սկսում են շարժվել նշված ուղղությամբ, սակայն նպատակակետին այդպես էլ չեն կարողանում հասնել։ Հակառակորդը ճանապարհին դարանակալում է, շրջափակում վաշտի տղաներին։ Մի քանի ժամ կենաց-մահու պայքարից հետո՝ վաշտի բոլոր տղաները զոհվում են։

Թե ի՞նչ ճանապարհով է անցել ու ինչ հերոսություններ է արել Էդուարդը, ծնողներն ավելի ուշ՝ զորամասում և Ստեփանակերտում են իմացել։ Մայրը՝ Նատալյան, պատմում է, որ անգամ ռուս խաղաղապահներն էին իրենց հետ զրույցում նշում, որ երբ տղաների մարմիններն էին տեղափոխում, ադրբեջանցի զինվորականները զարմանքով դեռ  հիշում էին այդ վաշտի ու նրանց վարած մարտի մասին։

«Այն, ինչ արել են Էդոն ու իր նման տղաները, դա հանուն հայրենիքի էր, հանուն ընտանիքի, հանուն նրա, ինչ սիրում էին, և դա անիմաստ չէր։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ վիճակում  կլինեինք մենք հիմա, եթե իրենք չլինեին»,- նշում է Նատալյա Պապանյանը։

Էդուարդ Ղազարյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի և «Մարտական ծառայություն» մեդալի։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհանիսյան