Անմահ հերոս Արմեն Նալբանդյան

Արմեն Մխիթարի Նալբանդյանը ծնվել է 1990 թվականի փետրվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ ուսումը շարունակել է Արմավիրի տարածաշրջանային քոլեջի «Իրավագիտություն» բաժնում։

Դպրոցական տարիքում Արմենը զբաղվել է ֆուտբոլով, իսկ առարկաներից շատ է սիրել  պատմությունն ու աշխարհագրությունը։ Մանկության ընկերը՝ Էդուարդը, նշում է, որ Արմենը հոգատար էր և այդ բնավորությունը ոչ միայն ընկերների համար էր, այլև նրանց հարազատների։ Անգամ հեռվից տեսնելու դեպքում, որ ընկերոջ մայրը տոպրակներով գալիս է, արագ գնում էր ու օգնում իրերը տուն հասցնել։

2008-2010թթ.-ին ծառայել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի զորամասերից մեկում։ Ընկերներից Վոլոդիան պատմում է, որ սիրում էր ծառայությունն ու բանակը. «Շատ համեստ էր, ընկերներին հասնող, օգնող։ Որ ժամին զանգեիր, կգար, կհասներ։ Արմենը շատ էր սիրում նաև ժամանակ անցկացնել ընտանիքի հետ»։

Կինը՝ Նարինե Կիրակոսյանը, պատմում է, որ Արմենի հետ ծանոթացել են քոլեջում, երբ բանակից վերադարձել է և տեղափոխվել իրենց կուրս. «Մոտ մեկ տարի իրար հետ սովորելուց հետո՝ սկսեցինք շփվել, մի քանի ամսից ամուսնացանք։ Արմենը իդեալական ամուսին ու հայր է եղել, միասին ապրել ենք ինը տարի, բայց այդ կարճ ժամանակում՝ այնքան երջանիկ ընտանիք ենք եղել, որ միշտ ապրում եմ այդ հուշերով»։

Արմենն ու Նարինեն երկու զավակ ունեն. Էլենը տասներկու տարեկան է, Հայկը՝ յոթ։

Ընտանիքին ու ընտանիքի անդամների հետ ժամանակ  անցկացնելուց զատ՝ Արմենը սիրում էր նաև հայրենիքն ու բանակը։ Դա է փաստում 2011 թվականին Արմենի՝ Էջմիածնի զորամասերից մեկում ծառայության անցնելը։ Սակրավոր էր, զբաղվում էր նաև կենդանիների վարժեցմամբ։

2018 թվականից մարտական հերթապահություն էր իրականացնում ԱՀ Քարվաճառի դիրքերում։

Ծառայակից ընկերներից Լեռնիկը նշում է, որ Արմենի պես մարդ իրենց կողքին ունենալ շատերը կերազեին. «Իրար հետ ծառայել ենք Սև Հովազ ջոկատում, Քարվաճառում: Բոլորի հետ լեզու էր գտնում»։

2020թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, երբ հակառակորդը սկսել է ռազմական ագրեսիա Արցախի Հանրապետության այժմ օկուպացված տարածքների ուղղությամբ, Արմենն առաջնագծում էր։ Կնոջն է զանգել, ասել, որ երեխաներին լավ նայի։

«Վիրավորվեցի»,- պատմում է Լեռնիկը սեպտեմբերի 27-ի իրադարձությունների մասին. «Ինձ զոռով իջեցրեց պաշտպանական կառույց, ինքը դուրս եկավ՝ մյուս տղաներին օգնելու, բայց ասում էի՝ մի գնա»։

Դուրս գալով՝ Արմենը  հայտնվել է հակառակորդի ականանետի թիրախում և զոհվել հենց 44-օրյա պատերազմի առաջին օրը։ Հուղարկավորված է Մեծամորի զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգեւատրվել է  Արցախի հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Սիմոն Հովհաննիսյան