Անմահ հերս Կարեն Սարգսյան

Կարեն Տիգրանի Սարգսյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 5-ին՝ Արմավիրի մարզի Ծիածան գյուղում։ Նա ունի մեկ քույր։ 2007 թվականից ապրել է հոր խնամակալության տակ։
Գերազանցությամբ սովորել է Ծիածան գյուղի հիմնական դպրոցում։
Հորաքրոջ՝ Անահիտ Սարգսյանի խոսքով, Կարենը դպրոցում առանձնանում էր իր աշխուժությամբ։
Կարենը մասնակցել է դպրոցական մի շարք միջոցառումների՝ մարմնավորել Պարույր Սևակին, Թումանյանի «Անուշ»-ի ներկայացման մեջ Սարոյի դերն է տարել, իսկ «Սասնա Ծռեր» էպոսի միջոցառմամբ Գյումրի է գնացել։
Հորաքույրը պատմում է, որ տղայի ուսման նկատմամբ առանձնակի ուշադիր են եղել, հետևել են, որ ոչ մի առարկայից չթերանա։ Արդյունքում՝ Կարենն ավարտել է դպրոցը և ընդունվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտկան ֆակուլտետ։
Կես տարի համալսարանում սովորելուց հետո զորակոչվել է հայկական բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մատաղիսի զորամասերից մեկում։
Նա բարեխիղճ ծառայության և լավ վարքի շնորհիվ հինգ անգամ արձակուրդ է եկել։ Զորամասի հրամանատարությունը Կարենենց տուն շնորհակալագիր է ուղարկել։
Հարազատները պատմում են, որ բանակային կյանքից գոհ էր, տուն զանգելիս ասում էր, որ ամեն բան նորմալ է, ինքն էր հանգստացնում ընտանիքի անդամներին՝ հորդորելով չհավատալ սահմանային իրավիճակի սրման մասին լուրերին։ Բանակում Կարենը հաստիքով բուժակ էր։
Ծառայությունից հետո շարունակել է բժշկական կրթությունը։
Կարենը խելացի էր, հասուն, չափված, գիտեր, թե իրեն որտեղ՝ ինչպես պահի։
Կարենի ընկերներից Նարեկ Զաքարյանը նշում է, որ Կարենը մարդկանց լավ էր ճանաչում, աշխույժ էր, շատ ընկերներ ուներ։ Իսկ երբ Կարենի հորը՝ Տիգրանին, ասում էին, որ որդին իրենից ավելի ճարպիկ է, պատասխանում էր. «Դե՜, աշակերտը պիտի գերաանցի ուսուցչին»։
Կարենը ընկերների հետ հաճախ էր ձկնորսության և որսի գնում, սիրում էր այդ զբաղմունքները։
«Կարենը հասնող էր, երբ ինչ որ բան էր պետք, գործերը թողնում էր, գալիս»,- պատմում է Նարեկը։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը Կարենին ծանոցագիր է եկել։ Գնացել է Հադրութի ուղղությամբ՝ Արա Լեռ։
Մարտական ընկերները նրան «Կյաժ» էին ասում՝ մազերի բաց գույնի համար։
Հորաքույրը՝ Անահիտ Սարգսյանը, պատմում է, որ ստացած տեսնայութերում ուրախ էին տեսնում Կարենին, ընկերների հետ ջերմ հարաբերությունների մեջ, ասես պատերազմի մեջ չէին։
Կարենը գիտեր, որ հայրը նույնպես ռազմաճակատում է, հորաքույրը նշում է, որ շատ էր ցանկանում միասին լինեն։ Հայրը նույնպես դա էր ուզում։ Սարդարապատ ջոկատի կազմալուծումից հետո՝ Տիգրանը տղայի մոտ էր պատրաստվում գնալ, սակայն չկարողացավ։
Հոկտեմբերի 13-ին Տիգրան Սարգսյանը զոհվել է բեկորային վնասվածքներից։ Նույն օրը՝ հորից մի քանի ժամ անց, պայթյունից զոհվել է նաև Կարեն Սարգսյանը։ Նա հուղարկավորված է հայրենի Ծիածան գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հոր կողքին։
Կարեն Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ հետմաու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: