Անմահ հերոս Աշոտ Սարդարյան

Աշոտ Հարությունի Սարդարյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 4-ին՝ մայրաքաղաք Երևանում, բայց մեծացել է Վաղարշապատում։ Նախնական կրթությունը ստացել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Արարատի մարզ և կրթությունը շարունակել Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Սովորել է լավ, վեց տարեկանից հաճախել է Էջմիածնի Ս. Մելիքյանի անվան երաժշտական դպրոց ի դաշնամուրի բաժին, սովորել և ավարտել է գերազանց։ Զուգահեռ սովորել է Էջմիածնի «Հայորդաց տուն» կրթահամալիրի փայտի փորագրում բաժնում։
«Աշոտս հանգիստ, ինքնամփոփ, լռակյաց, քչախոս տղա էր։ Երբեք իրեն չէր ցուցադրում ու միշտ զիջող էր, բայց համառ՝ իր նպատակներին հասնելու մեջ։ Ավելի շատ ինքնազոհ բնույթ ուներ։ Կռիվներ չէր սիրում, իր շրջապատը՝ իր ընտանիքն էր։ Ընկեր ընտրելու հարցում բծախնդիր էր, իր ընկերը հայրն էր։ Ինքն իր աշխարհն ուներ, որտեղ կառուցում էր իր երազած ապագան։ Շատ նվիրված էր մեզ, մեզ համար ընկեր էր՝թև ու թիկունք։ Աշխատասեր էր ու սիրում էր ամեն բան իր ձեռքով անել։ Հավատարիմ էր թե՛ սիրելի մարդկանց, թե՛ կատարած գործին, թե՛ երազանքներին ու նպատակներին։ Երազկոտ էր շատ, երազանքները շատ տարաբնույթ էին, սակայն դրանք դառնում էին նպատակներ։ Ամեն ինչ թողեց բանակից հետո ՝ պիտի դառնար գնացքավար, ունենար իր մոտոցիկլը, ներաշխարհը արտահայտեր դաշնամուրի ստեղներով ու մտքի ստեղծագործությունները փորագրեր փայտերի վրա։ Ավա՜ղ, ստեղները ընդմիշտ լռեցին, աշխատանքները անավարտ մնացին, նպատակները ՝անկատար, իրենից մի քանի գործ հուշ մնաց»,- պատմում է մայրը` Հասմիկը։
Աշոտ Սարդարյանը բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 19-ին՝ ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։
«Աշոտը բանակ գնաց հետաքրքրված, քանի որ ասում էր, որ ամեն մեկը մի բան է պատմում, կգնա, իր աչքով կտեսնի։ Անգամ պատերազմի ժամանակ, երբ հեռախոսից լսում էի հրթիռների պայթյունի ձայները, ասում էր` «Մանկապարտեզ է, հեսա կպրծնի, կգամ», բայց չեկավ։ Երբեք չի բողոքել, բնույթ չուներ դժվարություններից բողոքելու։ Ասում էր` «Մա՛մ, չմտածես, ես ողջ ու առողջ, իմ ոտքով եմ տուն գալու ու պատուհանի տակ երգեմ, որ դուռը բացես»»։
Աշոտը Մատաղիսից հասել էր Մարտունի, որտեղ պարգևատրել էին «Քաջարի մարտիկ» կրծքանշանով ու վերջին զանգը նոյեմբերի 3-ին է եղել։ Մոր խոսքով՝ այնքան ուրախ էր, որ պարգևատրվել էր. «Քառսուն օր պատերազմեց, վիրավորվեց, բայց շարունակ մորաքրոջ տղային` Դանիելին էր փնտրում։ Պատերազմի ընթացքում եղել է Թալիշում, վիրավոր գնաց դիրքեր՝ եղբորը գտնելու, բայց եղբայրը, ավա՜ղ չկար։ Ու այդպես տղաս շարունակեց մարտը դիրքից դիրք տեղափոխվելով և միայն զոհվելուց հետո՝ «եղբորը գտավ Եռաբլուրում»։
Ծառայակցի խոսքով` շրջափակման մեջ են ընկել, հետնահանջի հրաման ստացել, բայց Աշոտը չի նահանջել, ասել է` «Տղե՛րք, դուք գնացեք, ես կպահեմ, չեմ կարողանում վազել, մենակ մորս կասեք՝ կներես»։ Փամփուշտները վերջացնելուց հետո վերցրել է նռնակները ու սպասել թշնամու զորքի մոտենալուն, բայց մինչ այդ՝ հրթիռային արկ է պայթել իր ու թշնամու միջև։ Ընկերները ձեռքերի միջից հանել են նռնակները։
2020թ.-ի սեպտեմբերի 27-ից՝ 40 օր մարտնչել է 44-օրյա պատերազմում և զոհվել Մարտունիում՝ նոյեմբերի 4-ին։ Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» և «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: