Անմահ հերոս Արսեն Ալջիկյան

Արսեն Լևոնի Ալջիկյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 16-ին՝ մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Դանիել Վարուժանի անվան դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է թիվ 6 պետական ուսումնական քոլեջում՝ որպես խոհարար։

2019 թվականին ավարտել է ուսումնական քոլեջը։

«Արսենը բնավորությամբ հանգիստ էր և հավասարակշռված, չէր հանդուրժում անարդարությունը, նույնիսկ դպրոցում, երբ հասակակիցները փորձում էին նեղացնել իրենցից փոքրերին կամ աղջիկներին՝ Արսենը առաջիններից էր, որ պաշտպանում էր նրանց»,- պատմում է Արսենի մայրը՝ Լուսինեն։

Աննան՝ Արսենի քույրը, պատմում է, որ եղբայրը շատ էր սիրում երգել և շատ հաճախ տանը բարձր երաժշտություն էր միացնում ու երգում էր.

«Շատ երազանքներ ուներ, միշտ ասում էր, որ բանակից գա պիտի մեքենա և բնակարան գնի մեր համար, երկուսով երազում  էինք մեր ռեստորանը ունենալու մասին»,- պատմում է քույրը։

Քոլեջն ավարտելուց հետո՝ նույն տարում, Արսենը զորակոչվեց բանակ՝ պարտադիր զինվորական ժամկետային ծառայության։ Նա ծառայել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Հադրութի շրջանի զորամասերից մեկում։

Արսենը տասը ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Առաջնագծում է եղել պատերազմի առաջին իսկ օրվանից, սակայն ընտանիքի անդամներին ոչինչ չի ասել.

«Մինչև պատերազմի վերջին օրը ես չեմ իմացել, որ Արսենս առաջնագծում է եղել, նույնիսկ զգացնել չի տվել, որ ինքն առաջնագծում է, քանզի միշտ տրամադրությունը տեղն էր, հասցնում էր բոլորին զանգել, ասում էր, որ ինքը թիկունքում է ու իր հետ ամեն ինչ կարգին է, մտածելու բան չկա»,- պատմում էր մայրը։

Արսենի ծառայակից ընկեր Սամվելը պատմում է, որ ընկերը շատ բարի և հումորով էր. «Պատերազմի ժամանակ, երբ իրար տեսանք, Արսենն ինձ ասաց, որ հենց պատերազմը վերջանա, գանք տուն, մեր կապն էլ ավելի ամուր կլինի։ Ինքը շատ խիզախ էր։

Արսենն իր բարեվարքությամբ և լավ ծառայությամբ կարճ ժամանակում աչքի է ընկել։ Ծառայության ընթացքում ստացել է «Քաջարի մարտիկ»,  «ՀՀ ԶՈՒ լավագույն զինվոր» շքանշանները։

Արսենը և իր զինակից ընկերները Ճարտարի դիրքերն են պահել, կռիվ են տվել ամեն սանտիմետր հողի համար։ Այդ դիրքում զոհվել է նաև Արսենի ընկեր Գառնիկը։

«Արսենը, երբ իմանում է, որ Գառնիկը հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել, մի պահ քարանում՝ այնուհետև սթափեցնում է  իրեն, զենքը վերցնում և վազում է դեպի դիրքեր, որպեսզի ընկերոջ համար  իր վրեժը լուծի,  բարձրանում է և ոչնչացնում թշնամու զինվորներին»,- պատմում է մայրը։

Արսենը Հադրութի համար մղվող մարտերում ոչնչացրել է 1 տանկ, ևս 5 տանկ՝ Ճարտարում։ Պայքարել է մինչև վերջին շունչը և նոյեմբերի 3-ին զոհվել Ճարտարի համար մղվող մարտերում՝ ստանալով մահացու հրազենային վիրավորում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառյություն»  և «Արիության համար»  մեդալներով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում է ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Տիրուն Մարգարյան