Անմահ հերոս Էրիկ Աբրահամյան
Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին՝ մայրաքաղաք Երևանում, բայց ապրել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
Նախնական կրթությունը ստացել է Արմավիրի թիվ 9 դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Արմավիրի պետական քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի (ք. Տերնոպոլ) Երևանի մասնաճյուղ՝ «ֆինանսներ, վարկային գործ և հաշվապահություն» մասնագիտությամբ։
Էրիկը շատ մեծահոգի ու նվիրված տղա էր։ Նրան ճանաչում էին (Գարադոկցի) ԷՐՈ մականունով, վվայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Բոլորը հիանում էին նրա թե՛ արտաքին, թե՛ ներքին մաքրությամբ ու գեղեցկությամբ։ Միշտ ժպիտը երեսին էր՝ անկախ տրամադրությունից, նա բոլորին միշտ կարողանում էր վարակել իր ժպիտով։ Ցանկացած իրավիճակում կարողանում էր ելք գտնել, ցանկացած բնավորության տեր մարդու հետ լեզու էր գտնում։ Պայծառ, լուսավոր ու կյանքով լի էր Էրիկը, հայրենիքի համար գերբարձր պատասխանատվությամբ,- ասում է մայրը։
Էրիկը նաև Արմավիրի մարզի «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» (ԱՄԱԿԱՀ) հասարակական կազմակերպության, «Արծիվ-13 Արմավիրի առանձին հատուկ նշանակության վաշտի» սան էր։
Սովորելուն զուգահեռ՝ Էրիկը չրի արտադրամաս է հիմնել, որտեղ աշխատել է մայրիկի հետ։
«Մանկության տարիներին զբաղվում էր տարբեր սպորտաձևերով (լող, բռնցքամարտ, ֆուտբոլ, կարատե, ըմբշամարտ) և ամեն մի սպորտաձևից վնասվածք ստանալուց հետո թողնում էր այն, հաճախում մեկ այլ մարզաձևի. ֆուտբոլում ուսն էր վնասել, ըմբշամարտում՝ ողնաշարը։ Սպորտին զուգահեռ նաև կենդանիներ էր պահում, բայց ամենաերկարը պահեց շանը` Լեդիին»,- պատմում է մայրը`Հայկուհին։
Համալսարանում մի կիսամյակ սովորելուց հետո՝ Էրիկն ինքնակամ դիմում է գրել զինկոմիսարիատում՝ ծառայության մեկնելու համար։ Չնայած ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներին` 2020 թ.-ի հունվարի 14-ին Էրիկը զորակոչվել է հայկական բանակ։
Ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանում, հրետանավոր էր։ Ծնողները Էրիկին վերջին անգամ տեսել էին փետրվարին՝ երդման արարողության ժամանակ, դրանից հետո՝ համաճարակի պատճառով տղաները կարանտինի մեջ էին։
«2020թ.-ի 44- օրյա պատերազմի ընթացքում եղել է Մարտունիում։ Լինելով հրետանավոր՝ Էրիկն իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն՝ ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։
Վերջին անգամ ծնողները նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրն են խոսել որդու հետ։ Էրիկը այդ օրը վերջին անգամ խոսել է նաև բոլոր հարազատների ու ընկերների հետ։
Նոյեմբերի 2-ի գիշերը լույս 3-ին՝ Էրիկին տեղափոխել են Մարտունի 2, որտեղ ընթացել են թեժ մարտեր։ Չնայած Էրիկը հրետանավոր էր, բայց ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր։
Նոյեմբերի 2-ի առավոտյան մարտերը վերսկսել են։ 11։30-ին թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորվել է Էրիկենց հրամանատար Գեւորգ Գասպարյանը, բայց մարտի դաշտն ու իր զինվորներին չի թողել։ Մինչև շտապօգնության մեքենայի հասնելը՝ հրամանատարը երկրորդ վիրավորումն է ստացել ու զոհվել։ Այդ ընթացքում նրա գործառույթն իր ձեռքն է վերցրել Էրիկը։ Ժամեր անց՝ նա ևս վիրավորվել է։ Արկի բեկորից վնասվել է ոտքի զարկերակը ու երբ ընկերները փորձել են օգնել՝ չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է, որ թողնեն իրեն ու գնան, հետո ասեն, որ գան իրեն հանեն այդ տեղանքից։
Էրիկ Աբրահամյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին Մարտունիում։
Հուղարկավորված է Արմավիրի քաղաքային պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: