Անմահ հերոս Էրիկ Մարտիրոսյան
Էրիկ Արթուրի Մարտիրոսյանը ծնվել է 2002 թվականի հունվարի 26-ին՝ Ռուսաստանի Դաշնության Տվեր քաղաքում: Յոթ ամսական էր, երբ նրա ընտանքը վերադարձավ Հայաստան և մշտական բնակություն հաստատեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Էրիկն ավարտել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան համար 2 հիմնական դպրոցը: Հետո ընդունվել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանի Օգտակար հանածոների հարստացում բաժինը: Ավարտելուց հետո՝ նույն հաստատությունում սովորել է նաև գործավարի մասնագիտություն: Այս ընթացքում Էրիկը զբաղվել է ֆուտբոլով, եղել է դարպասապահ: Մասնակցել է համայնքային ու հանրապետական տարբեր մրցույթների, արժանացել մեդալների ու պատվոգրերի:
«Էրիկը մանկուց երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին: Ուզում էր խաղալ հայտնի ֆուտբոլային թիմերում»,-ասում է մայրը` Լուսինե Համբարձումյանը:
Մոր փոխանցմամբ` Էրիկը շատ նպատակներ ուներ, բայց առաջին հերթին ցանկանում էր աշխատել, որպեսզի կարողանա օգնել մորը ֆինանսական հարցերում և նորոգել իենց տունը:
«Էրիկը փոքր հասակից էր աչքի ընկնում իր համեստությամբ ու հանգիստ բնավորությամբ: Բոլորի հետ հարմարվում էր: Հաշտ ու համերաշխ էր, եթե իրեն չէին անհանգստացնում: Երբեք չէր բողոքում ու տարատեսակ պահանջներ չէր դնում, հարմարվում էր ցանկացած իրավիճակի ու սոցիալական դրության հետ»,-ասում է Լուսինեն:
Էրիկն ընկերասեր էր, օգնող բոլոր հարցերում: Շատ ընկերներ ուներ, որոնցից մեկը Արմեն Կիրակոսյանն է: Նա ևս մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին: Արմենն ասում է` էրիկի հետ դպրոցական տարիքում են ծանոթացել:
«Լավ ընկեր էր, հասնող ու սրտանց նվիրված ամեն իրավիճակում: Պատերազմի ժամանակ մի քանի անգամ խոսել ենք, միմյանց խորհուրդներ տվել: Իսկապես լավ ընկեր եմ կորցրել, նրա պակասը լրացնելն անհնար է»,-ասում է նա:
2020 թվականի հուլիսին Էրիկ Մարտիրոսյանը զորակոչվել է հայկական բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ջրականի զորամասերից մեկում: Մայրն ասում է, որ ծառայության ընթացքում՝ իր բնավորության համաձայն, Էրիկը ոչնչից չէր դժգոհում: Նա ընդամենը երկու ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նորակոչիկը բոլորի հետ հավասար մարտի դաշտ է դուրս եկել, կռվել թշնամու հդեմ: Հոկտեմբերի 10-ից 16-ը Էրիկը Վանք գյուղում շրջափակման մեջ է ընկել: Նա հարազատների հետ վերջին անգամ կապի է դուրս եկել հոկտեմբերի 16-ին:
«Ասաց՝ «Մա՛մ ջան, քեզ շատ եմ սիրում: Աղոթիր բոլոր տղաների համար: Անպայման կհանդիպենք, կգրկես ու կարոտդ կառնես»»,-ասում է Էրիկի մայրը:
Վերջին զրույցի ժամանակ Էրիկը մոր համար երգել է «Թռչեի մտքով տուն» երգը: Մայրն ասում է, որ երգի ձայնագրությունը պահպանվել է իր հեռախոսի մեջ:
Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից որոշ ժամանակ հետո Էրիկի հարազատները տեղեկություն են ստացել, որ տղան ողջ է: Որոնողական աշխատանքներից հետո՝ Հադրութի շրջանում, հինգ զինվորի աճյուն է գտնվել, որից մեկն Էրիկն է եղել: Կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Էրկիը զոհվել է նոյեմբերի 27-ին` հրազենային կրակոցից: Նա հուղարկավորված է Ալավերդի համայնքի գերեզմանատանը:
2021 թվականի մարտի 19-ին Էրիկն Արցախի նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ 2022 թվականին` «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:
«Հանուն հայ զինվոի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Լուսինե Փարսադանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: