Անմահ հերոս Դավիթ Դավթյան

Դավիթ Անդրանիկի Դավթյանը ծնվել է 2002 թվականի ապրիլի 29-ին` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում։ Մանկապարտեզի տարիներին` հաճախել է շախմատի դպրոց, մասնակցել մրցումների և հաղթել։ Քանի որ մրցումներին Դավիթը եղել է ամենափոքրը և կարողացել է հաղթել իրենից մի քանի տարով մեծ երեխաների` Աբովյանի քաղաքապետի կողմից արժանացել է հատուկ մրցանակի։
«Շատ բարի, առատաձեռն, արդարամիտ տղա էր Դավիթը։ Նվիրված էր ընկերներին, շռայլ հոգի ուներ, միևնույն ժամանակ՝ հանդուգն էր, եթե ինչ որ բան իրեն դուր չգար, անպայման կբարձրաձայներ սխալի մասին։ Մանուկ հասակում շատ աշխույժ էր, հետաքրքրասեր, իրեն ասում էինք «Ծուռ Դավիթ»։ Նա անընդհատ նոր հետաքրքրություններ էր որոնում։ Դպրոցում սովորում էր լավ, հատկապես՝ հետաքրքրված էր օտար լեզուներով»,- պատմում է մայրը` Սիլվան։
Դպրոցում սովորելու տարիներին՝ ուսմանը զուգահեռ, Դավիթը հաճախել է երաժշտական դպրոց` ջութակի դասերի։ Հետագայում, երբ ընտանիքով տեղափոխվել են Երևան, Դավիթը սկսել է սովորել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տուրիզմ և սերվիս բաժին։
«Հիշում եմ՝ դպրոցն ավարտելուց հետո, առավոտները միշտ հանդիպում էինք Ծարավ աղբյուր փողոցի խաչմերուկում։ Դավիթը քույրիկին դասի էր բերում, ես էլ գնում էի կանգառ։ Պարտադիր հարցնում էր՝ «Ո՞նց ես, ինչո՞վ ես զբաղվում, դասերդ, գործերդ ո՞նց են», իսկ հետո՝ վերջում, միշտ հաջողության փոխարեն ասում էր՝ «Քեզ լավ օր եմ մաղթում»։ Ու անկեղծ, ես ինձ էնքան լավ էի զգում էդ խոսքերից։ Մի տեսակ օրս իրոք լավ էր անցնում։ Հաճախ էլ` ավտոբուսում էինք հանդիպում։ Մի օր կրկին հանդիպեցինք։ Մինչև տեղ հասնելը` երկար զրուցեցինք։ Երբ արդեն իջնելուս ժամանակն էր, մոտեցա, որ վարորդին վճարեմ, ջղայնացած ասաց` «Մի րոպե, ես այստեղ կանգնած, դու պիտի վճարե՞ս»։ Ու ինձ հետ միշտ մի կանգառ շուտ էր իջնում, ինձ ճանապարհում էր տուն ու նոր` ինքը գնում։ Դպրոցից շատ բան չեմ հիշում, միշտ չարություններ էր անում, բոլորիս ուրախացնում»,- պատմում է համադասարանցի Հերմինեն։
Դավիթը չի հասցրել նստել ուսանողական աթոռին, քանզի 2020 թվականի հուլիսի 29-ին զորակոչվել է հայկական ՝բանակ ծառայության անցնելով Վայքի զորամասերից մեկում։ Ծնողները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու որդու երդման արարողությանը՝ համաճարակով պայմանավորված։
«Իր ծառայությունը անցել է լավ, երբևէ չի բողոքել, ծառայել է սիրով, շատ էր հավանել Խաչիկ գյուղը, միշտ ասում էր, երբ զորացրվեմ՝ մի օր քեզ բերելու եմ այս գյուղ։ Զինվորական մասնագիտությամբ գնդացրորդ էր ու երբ տվել էին իր գնդացիրը՝ շատ էր հավանել ու շատ էր սիրում այն։ Երբ սկսվեց 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը՝ երկու օր շարունակ մեզ չէր ասում, որ պատերազմում է, բայց հենց առաջին իսկ օրվանից իրենց տեղափոխել են հիմնական զորամասից։ Ծառայակից ընկերների խոսքով՝ տարել են Զառիթափ։ Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 5-ին՝ անգամ օրվա ընթացքում մի քանի անգամ ենք խոսել, կրկին պայծառ ձայնով ասում էր, որ ամեն բան կարգին է, չէր ասում, որ իրենց տեղափոխել են Արցախի Հանրապետության ( այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Ջրականի շրջանի առաջնագիծ»,- պատմում է Սիլվան։
Ծառայակից ընկերների խոսքով` հոկտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին Ջրականում թեժ մարտեր են մղել։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, երբ տղաներին հաջողվել է հետ մղել թշնամու առաջախաղացումը, դրանից հետո թշնամին անօդաչու թռչող սարքերով սկսել է հրթիռահրետակոծություն։ Տղաները հետ նահանջի հրաման են ստացել, ուսումնական վաշտից միայն Դավիթը չի ընկրկել ու հին զինծառայողների հետ առաջ է գնացել, հետո լսվել են պայթյունի ձայներ, հավանաբար անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով էլ Դավիթը զոհվել է։
Ուսումնական վաշտի հրամանատար, կապիտան Վասակ Սահակյանի խոսքով՝ Դավիթն ակնհայտորեն տարբերվում էր մյուս նորակոչիկներից. «Նա ծառայության ընդամենը երկու ամսվա ընթացքում ինձ վրա թողեց անջնջելի տպավորություն։ Կյանքի հանդեպ նրա վերաբերմունքը բավականին լուրջ էր, արժեքները՝ բարձր, վեհ։ Մի անգամ, երբ ինձ անհայտ պատճառով նորակոչիկների խմբում վիճաբանություն էր ծագել և բանը հասել էր քաշքշուկի՝ Դավիթը սառնասրտորեն հարցրեց իր հետ վիճաբանող ծառայակցին. «Դու ինչի՞ համար ես էստեղ։ Ես եկել եմ պաշտպանելու իմ հայրենիքը, դու էլ ես դրա համար էստեղ գտնվում։ Մենք բոլորս էստեղ ենք մեր հայրենիքը պաշտպանելու համար, ոչ թե իրար հետ կռվելու ու իրարից պաշտպանվելու»։ Դավիթի այդ խոսքերից հետո վիճաբանությունը միանգամից դադարեց։ Բոլորը հասկացան և ընդունեցին նրա խոսքի ճշմարտացիությունը»։
Դավիթ Դավթյանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայոթյուն» մեդալով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: