Անմահ հերոս Արթուր Սահակյան

Արթուր Ավետիսի Սահակյանը ծնվել է 1999 թվականի օգոստոսի 8-ին՝ Վրաստանի Հանրապետության Դամալա գյուղում: Մինչև 5-րդ դասարանը սովորել է տեղի դպրոցում, որից հետո՝ 2012 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, բնակություն հաստատել Գյումրի քաղաքում: Արթուրն ավարտել է Գյումրու ակադեմիական վարժարանը, սովորել տնտեսագիտական հոսքում։ Հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Զուգահեռ՝ «Պատիվ ունեմ» ծրագրով սովորել է նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2022 թվականի նոյեմբերին ստացել է լեյտենանտի կոչում:

«Արթուրը սովորում էր գերազանց, դասերին անպատրաստ չէր ներկայանում։ Երբեք չէր պարծենում, ոչ ոքի չէր քննադատում: Համալսարանն ավարտելուց հետո դիպլոմի միջուկը մեզ ցույց չի տվել: Հետո եմ նրա անձնական իրերի մեջ գտել այն ու տեսել, որ գնահատականները միայն 19 և 20 են: Տղաս բարի էր, կամեցող, չէր սիրում լինել ուշադրության կենտրոնոնում: Արդարամիտ էր, սիրում էր ապրել հավասարը հավասարի»,-ասում է Արթուրի մայրը՝ Վարսիկ Հարությունյանը:

Վարսիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ որդին շատ նպատակասլաց է եղել: Դեռ փոքր տարիքից՝ ամեն գնով հասել  է իր առջև դրված նպատակներին: Շատ է սիրել կարդալ «Հատկապես Նժդեհ էր կարդում,։ Նժդեհի գրեթե բոլոր տողերը սերտել էր»,- ասում է մայրը ու շարունակում. «Երրորդ դասարանում նրա համար գիտելիքների շտեմարան էի գնել: Չորս օրվա մեջ այդ գիրքն անգիր արեց: Գիրքը մեզ էր տալիս և ասում՝ հարցեր տվեք»:

Փոքր հասակում Արթուրը կառատեի է հաճախել ու հասել մինչև սև գոտի։ Մայրն ասում է, որ մեդալների մասին ոչ ոքի չէր պատմում, թույլ չէր տալիս ցուցադրել դրանք: Արթուրը դրանք համարել է միայն իրենը: Հաճախել է նաև լողի: Տիրապետել է արաբերենի: Վարսիկի խոսքով՝ Արթուրը նպատակ է ունեցել մագիստրատուրան արևելագիտության բաժնում սովորել: Ասում էր՝ «Արաբական երկրներում Հայաստանը կներկայացնեմ»:

Արթուր Սահակյանը հայկական բանակ է զորակոչվել 2022 թվականի նոյեմբերի 27-ին ու ծառայել Գորիսի զորամասերից մեկում: Հինգ ամիս անց արձակուրդ է եկել: Արթուրին հարազատները վերջին անգամ այդ ժամանակ են տեսել, բայց ամեն օր խոսել են նրա հետ: Մայրն ասում է, որ վերջին տասը օրերին Արթուրը դիրքերում է եղել, սակայն այդ մասին իրենց ոչինչ չի ասել: Այնինչ՝ այդ օրերին սահմանին լարված իրավիճակ է եղել: Թշնամին անկանոն կրակելիս է եղել:

Արթուր Սահակյանը զոհվել է 2023 թվականի ապրիլի  11-ին, Սյունիքի մարզի Տեղ գյուղում, թշնամու արձակած կրակոցից՝ կիսատ թողնելով տասնյակ նպատակներ ու ծրագրեր:  Արթուրը մարտի է բռնվել թշնամու տասը հոգանոց խմբի դեմ:

«Արթուրը գաղափարական երիտասարդ էր և իր կյանքը փորձում էր ապրել այնպես, որ պահի իր սկսզբունքները, որքան էլ, որ դա դժվար լինի: Աջակցող, սրտացավ, կամեցող ու բարի ընկեր էր Արթուրը: Այնքան ընկերասեր էր, որ ընկերների մեծ բանակ ուներ: Բոլորին ցանկացած հարցով պատրաստ էր աջակցելու: Անկախ տրամադրությունից, Արթուրը միշտ ժպտում էր՝ արևի պես»,-ասում է Արթուրի ընկերը՝ Գագիկ Եկմալյանը:

Արթուր Սահակյանի  զոհվելուց հետո՝ Գագիկ Եկմալյանը, որը ոչ միայն Արթուրի ընկերն էր, այլ նաև նույն կուրսում էին սովորում, Արթուրին նվիրված գիրք է հրատարակել: Գրքում զետեղված են Արթուրի խոհերը, մտորումները՝ կյանքի, աշխարհի ու հայ ժողովրդի մասին: Գիրքը կոչվում է՝ «Ար Թուր կամ Արևը Վանա ծովից»:

«Գիրքը գրվեց, որովհետև Արթուրը ուներ այնպիսի գաղափարներ, որոնք պարտավոր էինք  մարդկանց հասցնել ու տարածել: Գիրքը՝ Արթուրի կերպարով քննության է առնում ինքնությանը, ինքնաճանաչությանը, հայրենաճանաչությանն ու հայրենատիրությանն առնչվող թեմաները»,-ասում է Գագիկը:

Գրքի վաճառքից ստացված հասույթը կուղղվի «Արթուր Սահակյանի անվան» կրթաթոշակին և նրա մասնակցությամբ իրականություն դարձած «Ազգային դպրոց» նախագծի երրորդ փուլի կազմակերպման աշխատանքներին։

2023 թվականի ապրիլի 15-ին՝ լեյտենանտը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Լուսինե Փարսադանյան