Անմահ հերոս Իվան Սարգսյան

Իվան Սուրենի Սարգսյանը ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 4-ին` Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2003 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութի զորամասերից մեկում: Զորացրվելուց անմիջապես հետո անցել է պայմանագրային ծառայության: Իվանը կյանքի 17 տարիները նվիրել է հայրենիքին, եղել է ենթասպա: 2008 թվականին ամուսնացել է Լուսինե Բալայանի հետ: Ունեն երեք զավակ:
«Փոքր աղջիկս` Նարեն, հոր հետ շատ էր կապված: Ամեն անգամ դռան մոտ դիմավորում էր նրան ու պարտադիր գրկում: Հիմա աղջիկս ասում է, որ էլ չի կարողանում նայել դեպի տան մուտքի դուռը, որովհետև հայրն այլևս այդտեղից ներս չի մտնելու և գրկի իրեն»,-ասում է Իվանի կինը:
Իվան Սարգսյանը 2020թ.-ին մարտի դաշտ է մեկնել պատերամի հենց առաջին րոպեներից՝ չգրկելով անգամ իր երեք անչափահաս երեխաներին:
«Պատերազմի սկսվելու օրը՝ Իվանը տանից արագ դուրս եկավ առանց հետ նայելու ու որևէ բան ասելու: Պատուհանից երկար նայեցի ու նույնիսկ լաց եղա, կարծես սիրտս զգում էր, որ վատ բան է պատահելու նրա հետ: Այդպիսի բան ինձ հետ երբեք չէր եղել»,-հիշում է Լուսինեն:
Պատերազմի ընթացքում Իվանը հաճախ է խոսել հարազատների հետ: Լուսինեն ասում է` կռվից ոչինչ չի պատմել իրենց: Ավելի շատ իրենց է հարցուփորձ արել իրավիճակի մասին:
«Երբ արդեն կրակոցները Թաղասեռում շատացան, որոշեցի հայրական գյուղ գնալ, հետո՝ այնտեղից էլ սկսեցին տարհանել մարդկանց: Ստիպված Երևան ենք տեղափոխվել: Բայց Իվանը դեմ էր, ուզում էր Արցախում մնանք: Երբ իմացավ, որ Երևանում ենք, ասաց՝ «Էլ հետ չգնաք»: Այդպես էլ եղավ. պատերազմից հետ այլևս Արցախ չենք գնացել»,- ասում է Լուսինեն:
«Բարի և հոգատար մարդ է եղել Իվանը՝ նվիրված իր հայրենիքին ու ընտանիքին»,- ասում է զինվորականի մայրը՝ Լյուդմիլան ու պատմում, որ պատերազմի ժամանակ որդին ամեն օր զանգել է իրենց, որպեսզի չանհանգստանան:
«Տղայիս համար հայրենիքն առաջին տեղում էր: Պատերազմի լուրն իմանալուն պես՝ պատերազմի դաշտ է գնացել, կռվել ամենաթեժ մարտերում: Որդիս Հադրութի կորուստը շատ ծանր է տարել»,-ասում է Իվանի մայրը ու շարունակում, որ հոկտեմբերի 21-ին Իվանը ընկերոջ հետ զինվորներին դուրս է բերել շրջափակումից ու իրենք կռվել են մինչև վերջին շունչը։
Լյուդմիլան որդու կորստյան վշտի հետ հաշտվել չի կարողանում. «Պատերազմի 25-րդ օրը տղաս անմահացավ ու խորը ցավ թողեց բոլորիս սրտերում»,-ասում է նա։
Զինվորականն ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում` անօդաչու թռչող սարքի հարվածից: Իվանը հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
«Ամուսնուս հետ վերջին անգամ խոսել ենք հենց նրա զոհվելու օրը: Զանգեց, ասաց, որ արդեն Հադրութից դուրս են գալիս, որովհետև թշնամին գրավել է Հադրութը: Հետո ասաց, որ եթե ինքը չվերադառնա, ես ու երեխաները նրան միշտ հպարտությամբ հիշենք: Նրա հեռախոսը դեռ չեմ բացել: Կարծում եմ` Իվանը վերջինը հենց ինձ հետ է խոսել»-ասում է Լուսինեն:
2016 թվականին Իվան Սարգսյանը մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին: 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտապանության նախարարության կողմից պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի, իսկ 2020 թվականին` երկրորդ աստիճանի մեդալներով:
2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
«Հանուն հայ զինվոի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը:
Լուսինե Փարսադանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: