Անմահ հերոս Տիգրան Ավետիսյան

Տիգրան Արսենի Ավետիսյանը ծնվել է 2002 թվականի մարտի 8-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թիվ 3 դպրոցում, հետո սովորել է Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, որն ավարտելուց հետո՝ ուսումը շարունակել է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ Սկզբանական շրջանում սովորել է անգլերեն-ռուսերեն թարգմանչություն, հետո՝ 2-րդ կուրսից սովորել է տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ։ Փոքր տարիքում հաճախել է երաժշտական դպրոց, որտեղ սովորելով յոթ տարի՝ ավարտել է ակարդեոնի բաժինը։

«Շատ բարի էր, նրա սիրտը շատ նուրբ էր, նրբանկատ էր, չկարողանալ ու չանել բառերը չկային նրա բառապաշարում։ Չափից դուրս ընկերասեր էր, հետաքրքրասեր, տաղանդավոր տղա էր Տիգրանը, նախասիրություն  ուներ լուսանկարելու։ Տիգրանը միշտ սիրահարված է եղել Արցախին, նկարել է այնտեղի  բնությունը, մայրամուտներն ու լուսաբացները, ամեն մի քար ու թուփը»,- պատմում է մայրը`  Ադելինան։

Տիգրանի զոհվելուց հետո՝ ընտանիքի անդամները տղայի հեռախոսից գտել են բազմաթիվ նկարներ, որոնք հետագայում ցուցադրվել են նրա մայրիկի կողմից կազմակերպված հուշ-ցերեկույթի ժամանակ։

Տիգրանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է անցել 2020 թվականի հուլիսի 27-ին՝ Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում։ Ընդամենը երկու ամսվա ծատայող է եղել, երբ սկսվել է Արցախյան 44-օրյա պատերազմը։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո՝ անցել է պայմանագրակին ծառայության. պայմանագիր ուներ, որպեսզի երկու շաբաթ գնար համալսարան, երկու շաբաթ ծառայեր դիրքերում։

«Իմ երկու որդիները և ամուսինս առաջնագծում  էին 44-օրյա պատերազմի ժամանակ։ Տիգրանի  հայրը՝  կադրային սպա էր, գնդապետ։ 2018թ.-ից աշխատում էր Հայաստանում։ 2020 թ.-ին իմ երկու որդիները  ժամկետային զինծառայության մեջ  էին։  Մինչև հոկտեմբերի 6-ը Տիգրանի հետ կապ հաստատել հնարավոր չէր։ Այդ օրը ամուսնուս հաջողվել էր հեռախոսով խոսել որդու հետ, այդ ժամանակ Տիգրանը եղել է Հադրութի մոտակայքում մոլորված, քանի որ ամուսինս երկար տարիներ ծառայել է և գերազանաց տիրապետել  է տարածքին,  հեռախոսով Տիգրանին ուղղորդել է,  թե ինչպես դուրս գան և կարողացել են դուրս գալ։ Ամբողջ ճանապարհին Տիգրանը ունեցել է ուսապարկ։ Հրամանատարի հետ միասին կարողացել  են դուրս բերել Ջրականի եկեղեցու խաչը և Աստվածաշունչը։  Այդ ամբսղջ ընթացքում դրանք եղել են տղայիս ուսապարկի մեջ, մինչև որ սկսվել է հրետակոծություն՝ ինչի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն ու ուսապարկը  ընկել է, Տիգրանը և մյուս ծառայակից ընկերները վիրավորվել են և հնարավորություն չեն ունեցել ուսապարկը բերելու, քանի որ թշնամին եղել է բավականին մոտ։ Հետագայում այդ ուսապարկը գտել  են հետախուզության ծառայողները»,- պատմում է մայրը։

Հոկտեմբերի  10-ին Տիգրանը վիրավորում է ստացել և տեղափոխվել Գորիսի զինվորական հոսպիտալ։ 44-օրյա պատերազմից հետո՝ Տիգրանը վերադարձավ ժամկետային զինծառայության, իսկ հետո շարունակեց ծառայությունը՝ որպես պայմանագրային։

Պատերազմում զոհվել է նաև Տիգրանի մանկության ընկերը՝ Լևոնը։ Նրանք ծառայության են մեկնել նույն օրը, ծառայել են  նույն գումարտակում։ Լևոնի զոհվելը շատ է ազդել Տիգրանի վրա։  Ընտանիքի անդամներին միշտ ասել է՝ «Ես պիտի շարունակեմ Լևոնի կիսատ թողածը»։

Տիգրանը  պայմանագրային ծառայության էր անցել Արցախի Հանրապետությունում, սակայն 2022թ.-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, ընտանիքը չի կարողացել վերադառնալ Արցախ։

2023թ.-ի սեպտեմբերի 16-ին Տիգրանը եղել է  Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Դիրքերից մեկում անձնակազմի պակաս է եղել և Տիգրանը որոշել է  լրացնել դիրքի անձնակազմը։  Վերջին անգամ Տիգրանը մայրիկի  հետ խոսել է սեպտեմբերի 19-ի առավոտյան։

«Ժամը 11:30-ին զանգեց, ես խանութում էի, աղմուկ էր, չէր լսվում ասացի գնամ տուն ու զանգեմ։ Մինչև տուն հասա, ընկերուհիս զանգեց ու ասաց, որ Արցախում իրավիճակը լարված է, մարտական գործողություններ են սկսվել, հետո ինչքան փորձեցի, կապվել չստացվեց։ Երբ տեսազանգով էինք խոսում, ես միշտ էկրանից նկարում էի տղայիս։  Այդ օրն էլ նկարեցի ու դա եղավ նրա վերջին նկարը»,-պատմում է Տիգրանի մայրը։

Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։30-ին հրետակոծություն է սկսվել Արցախի սահմանի ամբողջ երկայնքով։  Մարտական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց՝ արկի պայթյունից վիրավորվել է Տիգրանի դիրքի ավագը՝ Լեռնիկ Հաշումյանը։ Տիգրանը հրաժարվել է լքել դիրքը և ստացած բեկորային վնասվածքով՝ շարունակել է պահել դիրքը և գնդացրով մարտ է վարել։

Տիգրանի մարմինը փրկարարները՝ ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինվորականների ուղեկցությամբ, գտել են սեպտեմբերի 24-ին՝ մինչև վերջին փամփուշտը կրակած գնդացիրը կողքին։

Տիգրան Ավետիսյանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Մանե Մանուկյան