Անմահ հերոս Յուրա Հարությունյան
Յուրա Արտակի Հարությունյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 15-ին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Սովորել է Բերդ քաղաքի թիվ 4 դպրոցում, ավարտել է 9-րդ դասարանը, հետո տեղափոխվել է վարժարան, որտեղ մի քանի ամիս սովորելուց հետո՝ տեղափոխվել է ավագ դպրոցի բնագիտական հոսք։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ հուլիսին, ընդունվել է ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, սակայն չի հասցրել սովորել և զորակոչվել է բանակ։
«Փոքր ժամանակ հաճախել է շախմատի, ըմբշամարտի։ Նա ունեցել է բարձր առաջադիմություն ու իր համար գնահատականը մեծ դեր ուներ։ Շատ էր սիրում մաթեմատիկան ու դպրոցական շարադրությունների մեջ նշում էր իր՝ մաթեմատիկոս դառնալու մեծ ցանկությունը։ Որոշել էր դառնալ ատամնաբույժ, հետո՝ փոխելով իր որոշումը, ընտրեց ծրագրավորումը։ Յուրին մեծ երազանք ուներ ընդունվելու ծրագրավորման բաժին, բայց ինչ-ինչ պատճառներով չկարողացավ իրագործել իր նպատակը։ Այդ պատճառով էլ քույրը` Նինան, որոշեց իրագործել եղբոր նպատակները ու ավարտեց եղբոր երազած բաժինը»,- պատմում է մայրը` Գոհարը։
Ծառայության առաջին վեց ամիսներին Յուրան ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև՝ կրտսեր սերժանտի կոչումով, մեկնել է Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։ Երբ սկսվել է 2020թ.-ի 44-օրյա պատերազմը՝ Յուրան եղել է ընդամենը 6 ամսվա ծառայող։ Նա մարտնչել է Ջրականում։ Յուրին եղել է ֆագոտի հրամանատար։ Կռվել է նաև Հադրութում, սակայն նրա վերջին հանգրվանը եղել է Մարտունին. սեպտեմբերի 30-ին տեղափոխվել է Մարտունի։ Հենց զոհվելու օրը առավոտյան՝ նահանջի հրամանով նստել են մեքենան, որը ճանապարհին պայթեցրել են։
Նախքան ծառայությունը Յուրան կանխատեսում էր իր ապագան ու ասում, որ ինքը հերոս է դառնալու։ Նա կանխագուշակում էր պատերազմը։
6-րդ դասարանում Յուրին գրել է մի շարադրություն որտեղ պատմել է պատերազմի դրվագներն ու իր զոհվելը։
«Ես որդուս հետ միշտ խոսել եմ ու վերջին անգամ հենց հոկտեմբերի 29-ին եմ խոսել։ Նրա խոսքերի մեջ տագնապ չկար, շատ հանգիստ էր, միայն պատերազմի սկզբում՝ 3 օր կապ չենք ունեցել ու դրանից հետո նորից խոսել ենք։ Միշտ փորձում էր դրական ներկայանալ ու խոսել, բայց երբ արդեն մարտական մոտ ընկերներն էին զոհվել՝ էլ չէր կարողանում թաքցնել իր մեջ եղած տագնապը։ Յուրայի հեռախոսից զանգ եկավ, վերցրի, ուրիշ մարդ էր խոսում, Յուրան չէր ու ինձ ասեցին, որ հեռախոսը գտել են ու Յուրան չկա։ Մենք ընտանիքով սկսեցինք հետաքրքրվել և փնտրել Յուրային,- պատմում է Գոհարը։
Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 30-ը ծավալված մարտական գործողությունների ընթացքում՝ կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, 5 ՀՄՄ, 3 «Ուրալ» մակնիշի մեքենա, 2 «Կամազ» մակնիշի մեքենա, 2 տրակտոր։
Պատերազմի ժամանակ Յուրան նաև վիրավորվել է, բայց անգամ բուժկետ չի գնացել, շարունակել է կռվել։
Հուղարկավորված է Բերդ քաղաքում՝ հարազատների շիրիմի կողքին, ընտանեկան գերեզմանատանը։
Կրտսեր սերժանտ Յուրա Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով։
Ծառայության տարիներին արժանացել է «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ կրծքանշանների։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Մանե Մանուկյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: