Անմահ հերոս Հովսեփ Առաքելյան
Հովսեփ Մելիքի Առաքելյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 27-ին` մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում, այնուհետև տեղափոխվել է Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց։ Ութերորդ դասարանից հետո ուսումը շարունակել է «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայում։ Մանուկ ժամանակ հաճախել է բռնցքամարտի, շատ է սիրել մոտոցիկլետ վարել։
Հովսեփը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության չի մեկնել, ինչի պատճառով էլ չի կարողացել թիկնապահի մասնագիտությամբ զբաղվել և աշխատել է՝ որպես բարմեն։ Եղել է անսահման հայրենասեր, երբ լսել է պատերազմի մասին՝ փորձել է անել հնարավոր ամեն բան, որպեսզի կարողանա մեկնել կռվի դաշտ։ Գնացել է «Երկրապահ կամավորների միություն», այնտեղ մերժում է ստացել, սակայն ի վերջո հաջողվել է։ Սկսել է զինավարժությունների մասնակցել, սովորել է տիրապետել զենքին, գրել է դիմում, որ ինքնակամ է մեկնում կռվի դաշտ ու հոկտեմբերի 21-ին գնացել է Արցախի Հանրապետություն (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) և կռվել Հադրութի շրջանում:
«Շատ էր սիրում Նժդեհին, գրքեր էր կարդում, նկարներն էր փակցնում իր սենյակի պատերին։ Մեծանում էր նժդեհյան ոգով, միշտ ասում էր, որ Նժդեհը իր ուսուցիչն է։ Նախքան պատերազմը՝ անընդհատ կրկնում էր, որ եթե հանկարծ կռիվ լինի, անպայման գնալու է։ Շատ հետաքրքիր ներաշխարհ ուներ, ինձ ասում էր, որ ես իրեն չեմ ճանաչում` ինքը հերոս է ծնվել։ Սիրում էր նաև Հիտլերին ու հաճախ մեջբերում էր խոսքերը։ Անասելի բարի էր, կենդանադսեր, ուներ կատու, որին անվանակոչել էր Ռուդոլֆ, ասելով, որ Ռուդոլֆը Հիտլերի աջ ձեռքն է եղել։ Շատ ինքնուրույն էր և իր որոշումները ինքն էր կայացնում։ Հիշում եմ` բարձր տրամադրությամբ տուն եկավ, հարցրի ինչու՞ ես այսքան ուրախ, պատերազմը վերջացե՞լ է, ասաց չէ մամ, ստացվել է` գնում եմ։ Խնդրում էինք, որ չգնա, բայց միշտ ասում էր, որ պետք է 18 տարեկան երեխաների թիկունքին կանգնի, որովհետև գլուխը կախ է քայլում` ամաչում է, քանի որ տղաները այնտեղ կռվում են թուրքերի դեմ, իսկ ինքը չի կարող մնալ քաղաքում ու թևերը թափ տալով ապրել։ Գնալու առաջնային նպատակը հենց տղաների կողքին լինելն է եղել։ Երբ արդեն դուրս էր եկել, որ ճանապարհ ընկնի, ասաց` «Եթե հետ չգամ, ինձ համար չլացեք, ես գիտեմ ուր եմ գնում և ինչի համար»», – պատմում է Հովսեփի մայրը` Անահիտ Առաքելյանն ու շարունակում. «Ասում են, որ կռվի ժամանակ խրամատում չի մնացել, բարձրացել է ինչ-որ բլրի վրա ու այնտեղից կռվել, պնդելով, որ միայն բարձր դիրքից է կարող հակահարված տալ թշնամուն և հենց այդ ժամանակ էլ զոհվել է։ Մինչև հոկտեմբերի 25-ը ամեն օր զանգում էր, սակայն ոչինչ չէր պատմում։ Ես էի իրենից հետաքրքրվում, ինքը մեզնից և վերջ։ Իրենք չունեին հեռախոսներ, միշտ տարբեր հեռախոսահամարներով էր զանգում, ենթադրաբար իրենց հրամանատարներինն էին»։
Հովսեփը ուներ երազանք, որ զոհվի կռվի դաշտում` զենքը ձեռքին, չէր ուզում սովորական մարդկանց նման մահանալ։ Ասում էր` «Պետք է այնպես մեռնեմ, որ միշտ գան իմ գերեզմանին ու խոնարհվեն»:
«Շատ էր սիրում հայրենիքը, ճիշտ է բանակում չէր ծառայել, նույնիսկ զենք բռնել չգիտեր, բայց արեց ամեն հնարավոր բան, որպեսզի կարողանա գնալ ու պաշտպանել հայրենիքը։ Ես տեսահոլովակ ունեմ նկարած, որտեղ Հովսեփն ասում է, որ կռվի դաշտում է զոհվելու։ Մահվան լուրը զանգով եմ իմացել, ինձ ասացին, որ ականի պայթյունից է մահացել, բայց ես հետո իմացա, որ մահվան պատճառը ուրիշ է։ Սովորական զենքով չի կռվել, այլ գնդացիրով»,-պատմում է Հովսեփի ընկերը` Գուրգեն Մարյանյանը։
Հովսեփը զոհվել է հոկտեմբերի 26-ին Հադրութում՝ հրետանային հարվածի հետևանքով, նաև տարբեր բեկորային վնասվածքներից։
Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության համար» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: