Անմահ հերոս Արամայիս Ոսկանյան
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 26-ին՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Ընտանիքում՝ երեք քույրերից հետո, ամենափոքրն էր, սպասված արու զավակը։
Արամայիսը փոքրուց շատ խելացի ու զարգացած երեխա է եղել, դպրոց մեկ տարի շուտ է ընդունվել, որովհետև տարիքի համեմատ ունեցել է գիտելիքների մեծ պաշար։
Դպրոցում առանձնահատուկ կերպով սիրվել է, միշտ աչքի է ընկել իր խելացի ու նպատակասլաց բնավորությամբ: Ավարտելով Գավառի N9 հիմանական դպրոցը՝ շարունակել է ավագ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Ագրարային համալսարանի ֆինանսներ բաժինը:
Առանձնահատուկ սեր է ունեցել համակարգչային ծրագրերի հետ, միշտ փորձել է տարբեր ծրագրեր սովորել։
2014 թվականին ծառայության է անցել Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի N պաշտպանական զորամասերից մեկում։
Մայրը՝ Անուշը, չի ցանկացել, որ որդին ծառայի, սակայն Արմայիսը երբեք չի փորձել խուսափել ծառայությունից, ընդհակառակը՝ միշտ մեծ ցանկություն է ունեցել «Եղնիկներում» ծառայելու:
2016 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի կողմից արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Արամայիս Յուրիկի Ոսկանյանը։
Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով:
Հարազատ դպրոցում, որտեղ սովորել է Արամայիսը, «Փառքը անկյուն» է բացվել՝ ի հիշատակ նրա:
Հարազատները հիշում են, որ Արամայիսն անչափ բարի սիրտ ուներ, նվիրված էր, միշտ սիրվում էր տարբեր միջավայրերում՝ իր մարդ տեսակի շնորհիվ։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: