Անմահ հերոս Գոռ Կիրակոսյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Գոռը ծնվել է 1996 թվականի հունվարի 21-ին՝ Արմավիրի մարզի Արևիկ համայնքում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ՝ ավտոէլեկտրիկի մասնագիտությամբ։ 

2014 թվականին զորակոչվել է ծառայության Արցախ Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մատաղիս գյուղի N զորամասում՝ որպես սննդի մեքենայի վարորդ: Զորամասում մշտապես վերանորոգել է մեքենաներն ու սարքին վիճակում պահել, սիրում էր իր աշխատանքը, որը մեծ նվիրվածությամբ էր կատարում։

Ծառայությունից երբեք չի դժգոհել, մեծ ուրախությամբ է մեկնել ծառայության, սիրվել ու գնահատվել է ծառայակիցների կողմից, քանի որ հենց ինքը՝ բոլորին նվիրված էր, անգամ ամենալարված  ու բարդ իրավիճակներում՝ նա միշտ շտապում էր իր տղերքին սնունդ հասցնել:

2016 թվականի ապրիլին հակառակորդը լայնամասշտաբ հարձակում էր սկսել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում։

Պատերազմի առաջին օրերից Գոռը դիրքերում էր, երբ խոսում էր ծնողների  հետ՝ մի քանի բառ ասելուց հետո, բարձր երգում էր, որպեսզի   կրակոցների ձայնը չլսվի ու չանհանգստանան, քանի որ նա ասել էր, որ զորամասում է և չի բարձրանալու դիրքեր:

Ապրիլի 5-ին՝ Գոռը վերջին անգամ շտապել էր բարձրանալ  դիրքեր, սնունդ հասցնել: Հասնելուն պես՝ սնունդը դատարկելու ընթացքում, հակառակորդը արկակոծել է տվյալ հատվածը, որի արդյունքում՝ Գոռ Կիրակոսյանն ու Վլադիմիր Նարինյանը զոհվել են։

Հետմահու Գոռ Կիրակոսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության  «Արիության» և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Մոր երգը զինվորին» կատարումը, որը համացանցում հայտնի դարձավ Նարե Գևորգյանի կատարմամբ, նվիրված է հենց Մատաղիսում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին:

Գոռի հիշատակը հավերժացնելու համար՝ հարազատ գյուղի Ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է նրա պատվին, Արմավիր քաղաքում էլ՝ հուշաքար է տեղադրվել։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան