Անմահ հերոս Աղասի Ասատրյան

Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված Աղասին ծնվել է 1996 թվականի փետրվարի 23-ին՝ Մասիս քաղաքում։  2012 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ:

Աղասիի քույրը՝ Հռիփսիմեն, մեզ հետ զրույցում նշում է, որ եղբայրը արտակարգ մարդ էր, ընկերասեր, հավատարիմ և՛ ընկերներին, և՛ հայրենիքին ու մինչև վերջ շարունակեց հավատարիմ լինել։

2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկու՝ որպես հետախույզ-դիպուկահար։

2016 թվականի ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը, թշնամին ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով։

170 Մ/Դ ուղղությամբ մի քանի անգամ ձեռնարկված գրոհները կասեցվել են հրամանատարի՝ Մերուժանի և նրա ջոկի տղաների ջանքերով։ Անձնակազմի անդամները մարտի են բռնվել թշնամու գերազանցող ուժերի դեմ, անհավասար մարտում ոչնչացրել բազմաթիվ հատուկ պատրաստված ստորաբաժանումներին: Ռաֆիկը, Մերուժանը, Աղասին, Վիկտորը ցուցաբերել են անօրինակ սխրանք, դիրքը չեն լքել նույնիսկ փամփուշտների վերջանալուց հետո ու ձեռնամարտի են բռնվել թշնանմու գերազանցող ուժերի դեմ:

Նրանք քաջ ու պատրաստված հետախույզներն էին, ովքեր գիտակցված, առանց վարանելու՝ պայքար են մղել թշնամու դեմ: 170Մ/Դ-ի անձնակազմի անդամները իրենց անօրինակ սխրանքի համար ՀՀ և ԱՀ նախագահների կողմից՝ հատմահու  պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով:

Մասիս քաղաքի փողոցներից մեկը կրում է Աղասի Ասատրյանի անունը,  այն դպրոցում, որտեղ սովորել է Աղասին՝ դասասենյակներից մեկը անվանակոչվել է նրա անունով։ Անձնակազմի հիշատակը հավերժացնելու համար՝ Գյումրի քաղաքում տեղադրվել է հուշաքար։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան