Անմահ հերոս Արգիշտի Գաբոյան

Արգիշտին ծնվել է 1991 թվականի մայիսի 13-ին` Շիրակի Մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Արգիշտիի հայրը՝ Արծվի Գաբոյանը, առաջիններից էր, ով կամավոր մեկնեց Արցախյան առաջին պատերազմին, դրանից հետո` իր կյանքի մեծամասնությունն անցկացրեց բանակաշինության մեջ ու ծառայեց հայրենիքնին։

2008 թվականին Արգիշտին ընտրելով հոր ուղին` ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելուց հետո ծառայութան անցավ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի զորամասերից մեկում՝ որպես հրաձգային վաշտի հրամանատար:

Արգիշտիին հարազատները բնութագրում են՝ որպես ուժեղ մարդու տեսակ, իրական հայրենասեր հայ, չպարտվող, չկոտրվող նպատակասլաց ու խիստ, բայց և յուրահատուկ լավ մարդ:

Նույն զորամասում ծառայող զինվորներից մեկը բնութագրում է Արգիշտիին՝ ասելով, որ խիստ ու պահանջկոտ հրամանատար էր, բայց լավ ու գիտակից մարդ, օգնող ու գնահատող, շատ հայրենասեր:

Արգիշտին ծառայության ժամանակ բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի է արժանացել և լավ ու բարեխիղճ ծառայության համար կապիտանի կոչում է ստացել, իսկ ծառայության ընթացքում՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

2016 թվականի մայիսի 9-ին՝ Արգիշտին ծրագրել էր զորամասում Վազգեն Սարգսյանի թանգարան բացել, քանի որ շատ էր սիրում Սպարապետին, սակայն ապրիլը կիսատ թողեց շատ ու շատ նպատակներ..․

Զինգրքույկում Արգիշտին մի թուղթ է ունեցել, որի վրա առանձնացված գրված են եղել նրա կյանքի պարտադիր կանոնները, որոնք նա միշտ իր մոտ է պահել և առաջնորդվել դրանցով․

«Մարդ հանդիսանում է իր երկրային ճակատագրի տերը»,

«Ես ինքս պետք է հարթեմ իմ ճանապարհը՝ ինչքան էլ դժվարություններ հանդիպեն կյանքում», 

«Ես կարգատիպն եմ իմ բախտի և ղեկավարն իմ հոգու»:

2016 թվականի ապրիլի 1-ի` լույս 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի սահմանի ողջ երկայնքով։

Ապրիլի 4-ին Արգիշտին զոհվել է՝ մարտական ընկերոջ մարմինը դուրս բերելու ժամանակ։

Արգիշտի Գաբոյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով և «Արիության» մեդալով:

Արգիշտին շատ խստապահանջ սպա էր, զորամասում՝ նույնիսկ այն զինվորները, որոնք նրա ենթակայության տակ չէին, նրան ճանաչում էին, գիտեին ինչպիսի ուժեղ սպա է։ Նրանից Սմբատ Սահակյանը՝ կապիտակի հիշատակին բանաստեղծություն է  գրել․

                                             Հերոս ԱՐԳԻՇՏ քեզ եմ ասում,

                                            Դու պարծանքն ես ողջ Հայության,

                                            Բռնած ճամփան անմահության,

                                            Չունենալով հույս փրկության,

                                            Ելար անգութ թուրքի առաջ,

                                            Պայքարեցիր անվախ ու քաջ,

                                            Սպարապետի խոսքը սերտած,

                                            Ու խաչը սուրբ սրտիդ սեղմած,

                                            Կռիվ տվիր ամենքի հետ,

                                            Ցավոք կորար հեռվում անհետ,

                                            Ու միշտ այդպես քեզ կհիշենք,

                                            Մի ձեռքիդ խաչ իսկ մյուսին զենք,

                                            Ել չես տեսնի դու ախոյան,

                                            Ննջիր հանգիստ մեր ԳԱԲՈՅԱՆ:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան