Անմահ հերոս Արման Գազարյան

Արմանը ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Արարատի մարզի Նիզամի գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին՝ ընդունվելով Երևանի ֆինանսաբանկային և բորսայական համալսարանի ֆինանսներ և վարկ բաժինը:
Արմանը դեռ փոքր տարիքից սիրում էր ուսումնասիրել ու սովորել համակարգչային ծրագրերը, ինչպես նաև՝ սեր ուներ երգ-երաժշտության հետ, նույնիսկ չորս երգ ունի ձայնագրած: Ցանկանում էր ստեղծել իր համակարգչային մեծ կենտրոնը և զուգահեռ՝ լրջորեն զբաղվել երաժշտությամբ:
Հարազատները նշում են, որ Արմանը հազվագյուտ մարդ տեսակ էր, բարի էր, նվիրված, անչափ գաղտնապահ։
2015 թվականի ձմռանը Արմանը զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)՝ որպես հրետանավոր: Ծառայության ընթացքում արժանցել է մի շարք պատվոգրերի և կրծքանշանների:
Արմանը ծառայության ընթացքում շատ էր կապվել Արցախի հետ, սիրել հողն ու բնությունը։
2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, թշնամու կողմից հրադադարի խախտման ու ագրեսիայի հետևանքով, պաշտպանության բանակը դիմել է պատասխան հարվածի՝ թշնամուն պատճառելով մեծաքանակ կորուստներ:
Այն զորամասում, որտեղ ծառայել է Արմանը՝ տագնապով միացել է Մեխակավանի դիրքերում մարտնչող ծառայակիցներին։
Արման Գազարյանը զինակցի, իր մտերիմ ընկերոջ՝ Վարդան Ղռմաջյանի հետ, պատերազմական օրերին՝ իրենց առջև դրված մարտական խնդիրները իրականացրել են մեծ պատասխանատվությամբ ու պատվով։
Հունիսի 7-ին լույս` 8-ի գիշերը, տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և ուժեղ քամու, առաջացած սողանքի հետևանքով՝ Արման Գազարյանն ու Վարդան Ղռմաջյանը մահացել են։
Արման Գազարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով:
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: