Անմահ հերոս Վարդան Ղռմաջյան

Վարդան Ղռմաջյանը ծնվել է 1996  թվականի հունվարի 5-ին՝ մայրաքաղաք Երևանում, բայց ապրե էլ Վաղարշապատ քաղաքում: Սովորել է տեղի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում, ավարտելով՝ շարունակել է  Մ. Խորենացու անվան ավագ դպրոցում:

Փոքր տարիքից Վարդանը սպորտով է զբաղվել ու տարբեր պարապմունքների հաճախել:

2013 թվականին՝ ավարտելով դպրոցը, ընդունվել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի  «Ծանրամարտի»  բաժինը:  2-րդ կուրս փոխադրվելով՝ ուսումը կիսատ թողնելով, 2014 թվականին անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության: Սկզբում ծառայության է անցել Լուսակերտի ուսումնական զորամասում,  որտեղ 6 ամիս ծառայելուց հետո՝ կրտսեր սերժանտի կոչմամբ ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետությունում (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)։

Վարդանը մեծ սիրով է ծառայել, նվիրված ու բարեխիղճ կերպով իրականացրել է իր առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և դրա համար արժանացել է «Քաջարի մարտիկ»,  «Հայոց բանակի գերազանցիկ»,  ՀՀ  ԶՈՒ  «Լավագույն զինվոր-մարզիկ»  կրծքանշանների։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս`  2-ի գիշերը, թշնամին լայնամաշտաբ հարձակումներ է սկսել արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։  Վարդանը զորամասում էր,  սակայն տագնապով բարձրացել էին դրքեր ու շաբաթներ շարունակ՝ պատվով հաղթահարել դժվարությունները:

Հունիսի 7-ին լույս`  8-ի գիշերը տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի և  սողանքի  հետևանքով՝ Վարդան Ղռմաջյանն ու Արման Գազարյանը մահացել են։

Վարդանն ու Արմանը ծառայության ընթացքում էին մտերմացել, դարձել լավ ընկերներ ու միասին էլ բռնեցին հավերժի ճամփան։

Վարդանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով:

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան