Անմահ հերոս Դավիթ Հայրապետյան

Ապրիլյան պատերազմում զոհված Դավիթ Հայրապետյանը ծնվել է 1997 թվականի մայիսի 18-ին՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Սովորել է գյուղի թիվ 1 դպրոցում։ Փոքր տարիքից Դավիթը սպորտով է զբաղվել, կոփվել։
Հարազատների խոսքով՝ Դավիթն անչափ համեստ բանավորություն ուներ, հանգիստ էր, հավասարակշռված, սիրում էր իր ընկերական շրջապատի հետ շատ շփվել, բարի մարդ էր, նվիրված բոլորին։
2015 թվականին Արմավիրի ուսումնական զորամասում անցել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության, որտեղից տեղափոխվել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)` Մատաղիսի N զորամաս՝ որպես տանկի նշանառու-օպերատոր։
2016 թվականի ապրիլի1-ի՝ լույս 2-ի գիշերը, թշնամին անցել է լայնամասշտաբ ռազմական գործողությունների, արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով օգտագործելով օդուժ, ծանր զինտեխնիկա, հրետանի, ինչպես նաև՝ մեծաքանակ կենդանի ուժ։
Ապրիլի 4-ին Դավիթ Հայրապետյանը, Արտակ Պետրոսյանն ու Միշա Աղաջանյանը իրենց տանկի անձնակազմով զոհվել են՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Դավիթ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Դավիթի զոհվելուց հետ հարազատ դպրոցում դասասենյակ է բացվել, իսկ գյուղում՝ հուշաքար տեղադրվել, նրա հիշատակը հավերժացնելու համար։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: