Անմահ հերոս Արամ Առուշանյան

Փոխգնդապետ Արամ Նիկոլայի Առուշանյանը ծնվել է  1972 թվականի հունվարի 23-ին՝ Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից)  Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։

1991 թվականին Արամը սովորում էր Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում, սակայն հայրենի բննօրանի համար մղվող թեժ մարտերը՝ Արամին ստիպեցին թողնել ամեն ինչ ու վերադառնալ։ Ուսումը կիսատ թողնելով՝ նա վերադառնում է Հաթերք, կամավորագրվում գյուղի ինքնապաշտպանական ջոկատին։ 19-ամյա պատանին մղված ամենաթեժ մարտերում էլ՝ չի լքում հայրենի գյուղն ու մի շարք հաթերքցիների հետ պաշտպանում է իր հողը։ 

Արամ Առուշանյանը Արցախյան ազատամարտի ընթացում մասնակցել է Մարտակերտի, Քարվառաճի, ազատագրումներին և մի շարք այլ ինքնապաշտպանական մարտերի։

Հետագա տարիներին Արամը մնաց ծառայության, իր գիտելիքները, փորձը ներդրեց հայոց բանակի ստեղծման ակունքներում․ ավագույն հրետանավորներից մեկն էր Արամ Առուշանյանը, գիտակ սպա էր, լավ հրամանատար, լավ մարդ։

2013 թվականին՝ փոխգնդապետի կոչումով, Արամն անցել էր զինվորական թոշակի, սակայն նրա հմտություններն ու փորձը՝ հաճախ, անհրաժեշտության դեպքում կիրառվում էր։ 

Արամի կինը՝ Էլլադան, մեզ հետ զրույցում նշում է, որ ամուսինը բացառիկ հայրենասեր էր, իր գործի վարպետը։ Արցախյան ազատամարտի տարիների մեծ փորձ ու գիտելիքներ ձեռք բերած Արամը երբեք չէր դադարում իր ներդրումն ունենալ հայոց բանակի հզորացման ու ամրապնդման գործում։ Լավ հայր էր, նվիրված իր ընտանիքին, երեխաներին, որոնց դաստիարակել է՝ որպես արժանապատիվ հայերի։

Ինչպես 19 տարեկանում, այդպես էլ 2016 թվականին՝ Արամը մեկնել է առաջնագիծ, երբ սկսվել է Ապրիլյան պատերազմը։ Արամն առաջնագծում մշտապես կատարել է կարևոր առաջադրանքներ ու դրանք միշտ եղել են ճշգրիտ պլանավորած ու մշակված։

Ապրիլի 25-ին լույս՝ 26-ի գիշերը, արցախա-ադրբեջանական սահմանի՝ Մարտակերտի և Մատաղիսի ուղղություններով, հակառակորդը խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը՝ օգտագործել է ծանր զինտեխնիկա, որի արդյունքում զոհվել են Արամ Նիկոլայի Առուշանյանը և Տիգրան Մխիթարի Պողոսյանը։

Ծառայության ընթացքում Արամ Առուշանյանը պատգևատրվել է բազմաթիվ մեդալներով, շքանշաններով և պարգևներով, ինչպես նաև՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով։

Արամն ունի չորս զավակ, որոնք այսօր ապրում են Հայաստանում՝ հեռվում թողնելով հոր գերեզմանն ու հայրական տունը։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան