Անմահ հերոս Հարություն Հարությունյան

Հարություն Գևորգի Հարությունյանը ծնվել է 1998 թվականի հոկտեմբերի 21-ին` մայրաքաղաք Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է Երևանի Աշոտ Մանուկյանի անվան թիվ 93 միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ հաճախել է Ջիվանու անվան աշուղական դպրոցի ժողովրդական երգի բաժին, նաև տիրապետել է քամանչայի։

2017 թվականի հունվարի 17-ին` իր մայրիկի ծննդյան օրը, Հարությունն անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայությունն անցկացրել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի զորամասերից մեկում։ Զորացրվել է 2019 թվականին՝ կրկին  մայրիկի ծննդյան օրը։

«Երբ բանակից նոր էր վերադարձել, գնաց իր հարազատ  Ջիվանու անվան աշուղական դպրոց, որպեսզի ուսուցիչներին և ընկերներին տեսնի։ Հենց այնտեղ հանդիպեց նույն դպրոցի սան, դուդուկահարուհի Արփինեին ու առաջին հայացքից սիրահարվեց։ Հարութը միշտ ասում էր, որ պատերազմ է լինելու սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին ու առաջինը ինքն է գնալու։ Մենք չէինք պատկերացնում ու թերահավատորեն էինք մոտենում նրա խոսքերին, ասում էի` դու արդեն ծառայել ես, էլ ինչի մասին ես խոսում, ասում էր չէ՛ մամ, պատերազմ է լինելու ու ես գնալու եմ։ Սեպտեմբերի 26-ին՝ պատերազմի նախորդ օրը, ընկերուհու`Արփինեի հետ տուն եկավ, հարսանիքի մասին էին խոսում ու պահի տակ ասաց, որ իր զենքն է կարոտել ու Արցախը։ Ասում էինք, որ եթե կարոտել ես՝ կգնանք, կզբոսնենք, ասում էր չէ՜, իմ բանակային կյանքն եմ կարոտել», – պատմում է Հարությունի մայրը` Աննա Ավետիսյանը ու շարունակում.

«Հաջորդ օրը` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտ շուտ արթնացավ, պետք է աշխատանքի գնար, ես լուրերը կարդացի ու ասացի, որ պատերազմ է սկսվել։ Միանգամից վեր թռավ տեղից ու ասաց, որ ինքը գնում է։ Փորձեցի չթողնել, համոզել, որ գուցե արագ կավարտվի այդ ամենը, հանգստացրի ու գնաց աշխատանքի, հետո՝ ժամը 12-ին, ինձ զանգեց ու խնդրեց, որ զինվորական գրքույկը պատրաստեմ, պետք է վերցնի ու գնա։ Եկավ տուն, վերցրեց ու վազելով գնաց՝ որպես կամավոր հերթագրվելու, հենց նույն օրը արդեն Արցախում էր՝ Ասկերանի շրջանի Ակնա քաղաքում։ Այդ օրը զանգեց և հետո՝ երեք երկար ու ձիգ օր որևէ տեղեկություն չենք ունեցել։ Հետո զանգեց` հայկական հեռախոսահամարով, կարծեցի, որ վերադարձել է, բայց սխալվեցի` այնտեղ էր։ Սկսեց ամեն օր զանգել, բայց ոչինչ չէր պատմում, ես էլ չէի հարցնում։ Վերջին անգամ զանգեց հոկտեմբերի 8-ին, բավականին երկար խոսեցինք, բոլորից հարցրեց` հարևաններից, բարեկամներից, ընկերներից ու ասաց, որ գումար պատրաստեք, որպեսզի գա ու իր մեքենան նորոգի։ Հարցրեցի ե՞րբ ես գալու՝ ասաց վերջացնենք, հաղթենք ու կգամ։ Ընկերուհուս որդին էլ էր պատրաստվում մեկնել կռվի դաշտ, սակայն Հարութը չէր ուզում թողնել, պարզաբանելով, որ տան միակ տղան է, իսկ ինքը  նաև եղբայր ունի։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ այդ խոսքերի խորությունը»:

Հարությունը կռվի օրերին հաճախ է հայրենասիրական երգեր երգել ու բոլորը միաձայն ասել են, որ երբ ինքը երգում է, կրակը դադարում է։ Նրան անվանում էին մերօրյա Ներսիկ Իսպիրյան։

«Ծանոթացել ենք բանակում, մենք երկուսս էլ Երևանից էինք, վաշտում հիմնականում մարզերից էին ու ինչ-որ չափով նաև այդ հանգամանքը դեր ունեցավ, որ սկսեցինք մտերմանալ։ Հարութին բոլորն էին սիրում, սակայն շատ քիչ մարդկանց էր նա կարողանում՝ որպես ընկեր ընկալել, ու այդ հաշվելի մարդկանցից մեկը ես էի։ Եղել ենք շատ մտերիմ ընկերներ, ծառայության ընթացքում ամեն ինչ իրար հետ ենք կիսել, մեր մեջ որևէ հարցում տարբերություն չի եղել, միշտ միասին ենք եղել։ Այնքան մտերիմ ենք դարձել, որ նույնիսկ մանկության ընկերների դեպքում այդպես չի լինում։ Ծառայության վերջում, երբ արդեն մեկ կամ երկու ամիս էր մնացել, որ պետք է զորացրվեինք՝ այն դիրքում, ուր Հարութն էր գտնվում, դիվերսիա էր սկսվել ու թշնամուն հետ մղողներից առաջինը հենց Հարութն է եղել։ Այն դեպքում, երբ բոլորը շփոթության մեջ էին, նա արագ կողմնորոշվել է ու իրավիճակը կարգավորել: Հաճախ էր շեշտում, որ անկախ ամեն ինչից սա մեր երկիրն է` մեր հայրենիքը, ու մենք պարտավոր ենք կռվել ու պաշտպանել այն։ Միշտ ասում էի, թե ինչու՞ ես վատի ուղղությամբ մտածում, պատասխանում էր, որ երբ զորացրվենք ու ինչ-որ բան լինի, անպայման հետ է վերադառնալու»,-պատմում է ծառայակից ընկերը՝ Դավիթը։

Դավիթի խոսքով՝ ստացվեց այնպես, որ այո`Հարությունը հետ վերադարձավ Արցախ ու այնտեղից այլևս չվերադարձավ.

«Քաղաքացիական կյանքում՝ մենք էլ ավելի մտերմացանք, ընկերական շրջապատում միշտ կա մեկը, ում բոլորը սիրում են, մեր դեպքում այդ մեկը Հարութն էր, բառերը քիչ են ընկերոջս բնութագրելու համար։ Զոհվելու լուրը իմացել եմ զանգով, չէի ուզում հավատալ, չէի կարող հավատալ։ Երբ ասացին, որ Հարութը մահացել է, անկախ իմ կամքից՝ հարցրի ո՞վ է Հարութը, որովհետև չէի ուզում ընկերոջս ուղղությամբ մտածել ու երբ հասկացա, որ իր մասին է խոսքը, չեմ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ»։

Հարություն Հարությունյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին՝ Ակնայում, հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից։

Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Անի Խաչատրյան