Անմահ հերոս Զոհրաբ Հովհաննիսյան
Զոհրաբ Գառնիկի Հովհաննիսյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 17-ին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի` Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոցում։ Մանուկ ժամանակ շատ է սիրել սպորտով զբաղվել։
Կրթությունը չի շարունակել, դպրոցն ավարտելուն պես՝ 2000 թվականի հոկտեմբեր ամսին անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Արցախի Հանրապետության` (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) հյուսիսային ուղղությունում։ 2002 թվականի դեկտեմբերին զորացրվել է և մեկնել Ռուսաստանի դաշնություն` արտագնա աշխատանքի։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ որպես կամավոր, մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին։ Կռվել է Ջրականի շրջանում։
«Մենք ծանոթացել ենք 2008 թվականին` իր հորեղբոր տղայի միջոցով։ Միշտ իրեն պատմել են իմ մասին, բայց չի հարմարեցրել, որ տեսնի և մեկ օր՝ պատահական, մեքենայով իմ կողքից անցնելիս տեսել է ու մտածել, որ սա հենց այն աղջիկն է, որի մասին այդքան ասում էին։ Նշանվել և ամուսնացել ենք նույն թվականի դեկտեմբերի 27-ին։ Տասը տարի պայքարից հետո` 2018 թվականի հոկտեմբերի 13-ին որդի ունեցանք, որին կոչեցինք Նարեկ` Սուրբ Գրիգոր Նարեկացու անվամբ»,- պատմում է Զոհրաբի կինը` Մելինե Ամիրխանյանն ու շարունակում.
«Ամուսինս պատերազմին մասնակցել է հենց առաջին օրվանից, հոկտեմբերի 6-ին իր հորեղբոր տղան կռվի դաշտում զոհվեց, այդ ժամանակ խնդրեցի, որ հետ գա` չհամաձայնվեց, ասում էր՝ «Ես չեմ կարող գալ, մեր դիմաց երիտասարդ` 18 տարեկան երեխաներ են, որոնց թիկունքին կանգնած ենք, չեմ կարող իրենց այստեղ թողնել ու հեռանալ»։ Նա միշտ շատ կարճ ժամանակով էր զանգում, որովհետև կրակոցների ձայներ էր լսվում, կապն ընդհատվում էր։ Իրենք ոչ մի բանից տեղյակ չէին, թե ինչ է կատարվում, ինչ է լինելու, միշտ լուրերից էր հարցնում, մի քանի բառով էլ՝ մեզնից, մեր տղայից: Հոկտեմբերի 19-ին դիրքի տղաներով ընկել են շրջափակման մեջ, տղաներից մի քանիսը կարողացել է դուրս գալ շրջափակումից, իսկ Զոհրաբը ու ևս երեք հոգի զոհվել են»:
Զոհրաբն ընտանիքի ավագ որդին էր, ունի երկու քույր ու մեկ եղբայր։
«Շատ ազատ էր, հանգիստ, շփվող, ուներ բոլորի հետ շատ արագ մերվելու բնավորություն, թշնամություն չկար իր մեջ, շատ մեծ ու մաքուր սիրտ ուներ։ Ամեն ինչի մեջ հետաքրքրություն էր գտնում, զբաղվում էր շինարարությամբ։ Ես ունեմ 4 երեխա, վերջին երեխայիս ունեցել եմ 2020 թվականին` եղբայրս չհասցրեց տեսնել։ Միշտ հիշում ենք, որ ամանորին եկավ ու երեխաներիս համար տնակ պատրաստեց, երեխաները շատ էին ուրախացել այդ օրը։ Հաճախ տանում էր զբոսնելու, շատ լավ քեռի էր իմ բալիկների համար, առհասարակ բոլորի հանդեպ էր ուշադիր` հոգատար։ Երբ տեսնում էր, որ դրսում ինչ-որ երեխա՝ խաղալու ընթացքում ընկել է, շտապում էր օգնության։ Պատերազմի ընթացքում ես անձամբ չեմ խոսել, կարևորում էինք, որ առաջնահերթ կնոջ հետ խոսի։ Լինում էր, որ զանգում էր և կնոջ կողքին էի լինում, հետաքրքրվում էի, որ անպայման հաց ուտի, ինձ համար կարևոր էր, որ կուշտ լինի ու չմրսի, բայց ավա՜ղ՝ ոչ նորմալ սնվել են, ոչ էլ հարմար պայմաններ են ունեցել։ Տղաները, որոնք ողջ են մնացել, եկել էին մեզ հյուր ու պատմում էին, որ վերջին 15 օրը եղել են շրջափակման մեջ, ուտելիք չեն ունեցել, չեն ունեցել նաև թաքնվելու հնարավորություն։ Վերջին անգամ հոկտեմբերի 19-ին է զանգել, ասել է, որ լավ վիճակում չեն, խնդրել է կնոջը, որ իրենց տղային, մայրիկին ու հայրիկին լավ նայի, գուցե արդեն իմացել են իրենց գլխի գալիքը։ Զոհվելու լուրը իմացել ենք հոկտեմբերի 25-ին, միայն կարող եմ ասել, որ ինքն իրեն զոհեց՝ հանուն ընկերների», – պատմում է քույրը` Ռուզաննա Հովհաննիսյանը։
Կռվի ժամանակ Զոհրաբը ջոկի հրամանատար է եղել։
«Իմ մեծ եղբայրն էր ու մենք շատ կապված էինք`անկախ տարիքային տարբերությունից։ Այժմ շատ մտերիմ եմ այն տղաների հետ, ովքեր պատերազմի ընթացքում Զոհրաբի հետ են եղել։ Պատմում են, որ երբ նահանջի հրաման է եղել, Զոհրաբն իր ջոկատին թույլ չի տվել հեռանալ, ներքին զգացողություն է ունեցել, որ եթե տվյալ դիրքից հեռանան՝ ինչ-որ վատ բան է լինելու։ Մյուս ջոկատների տղաները, ովքեր նահանջել են տվյալ պահերին, վիրավորվել կամ զոհվել են։ Վերջին անգամ` զոհվելու օրը, երբ ասել են, որ պետք է հեռանան իրենց դիրքից, Զոհրաբը ուղղորդել է, որ բաժանվեն 4 խմբի ու յուրաքանչյուր խումբը մյուսից 100 մետր հեռավորություն պահի, որ եթե հանկարծ որևէ բան պատահի` խմբով չվիրավորվեն։ Կարծել են, որ հայկական դիրքերում են ու անակնկալի են եկել, երբ հասկացել են, որ արդեն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ են։ Ստացվում է, որ իրենց խումբն է զոհվել, իսկ մնացածը՝ կարողացել են դուրս գալ ու հետ վերադառնալ»,-պատմում է եղբայրը՝ Հովիկն ու հավելում, որ ինքը փորձում էր ամեն օր խոսել եղբոր հետ, թեկուզ մի քանի վայրկյանով.
«Հոկտեմբերի 18-ից այլևս ինձ չի զանգել, սկսեցի ինչ-որ բան կասկածել։ Արդեն խոսակցություններ էին պտտվում, որ զոհվել է, բայց ես չէի ուզում հավատալ։ Հոկտեմբերի 23-ին ինձ այնտեղից զանգեցին ու Զոհրաբից նկար ուզեցին, բայց չասացին, թե ինչի համար է: Արդեն զգում էի ամեն ինչ, այդ ամենից հետո արդեն մարմիններն են բերել` Զոհրաբի ու մյուս 3 ընկերների, իսկ մորաքրոջս տղայի մարմինը՝ Զոհրաբից մեկ օր հետո բերեցին, քանի որ դեմքը անճանաչելի էր դարձել, գնացել ենք Գորիս ու մարմնի վրա նշան ուներ, այդ նշանի շնորհիվ կարողացել ենք գտնել»։
Զոհրաբ Հովհաննիսյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին, Ջրականում` հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Բացի այդ ունեցել է նաև բեկորային վնասվածքներ։
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով։
Հուղարկավորված է հայրենի գյուղի` Մարմարաշենի ընտանեկան գերեզմանատանը։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Անի Խաչատրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: