Անմահ հերոս Շանթ Նավոյան
![](https://banak.info/wp-content/uploads/2024/09/screenshot_20240904_145928_picsart-scaled.jpg)
Շանթ Գուրգենի Նավոյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Երևան քաղաքում: Սովորել է Ռուբեն Սարգսյանի՝ «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոցում: Զբաղվել է կարատեով, ֆրիսբիով: Ֆրիսբիի ֆեդերացիայի անդամ էր: 2019 թվականին ընդունվել է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետ: Սովորելուն զուգահեռ՝ աշխատում էր: 2020 թվականի հունվարի 8-ին՝ ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Կապանի զորամասերից մեկում: Եղել է հրետանավոր:
Վճռական, խելացի, կարգապահ ու վստահելի անձնավորություն էր Շանթը: Ուներ դիմացինին լսելու և հասկանալու ունակություն: Մայրն ասում է՝ իր հասակակիցներից միշտ մի քանի քայլ առաջ էր, որովհետև ավելի հասուն էր մտածում ու դատում:
Պատանին նաև գրառումներ էր անում՝ իր զգացմունքների, շրջապատի, արդարության ու անարդարության մասին և հրապարակում էր դրանք համացանցում:
Մոր՝ Էլեն Նավոյանի խոսքով, որդին երևույթներին այլ կերպ էր մոտենում, այլ ձևով էր վերլուծում դրանք: Այդ պատճառով շատ դեպքերում չէր հասկացվում շրջապատի կողմից:
«Շանթը հետաքրքիր կերպար էր, մյուսներից տարբերվող: Չէր սիրում միօրինակություն և դա արտահայտված էր նրա մտածելակերպի ու նույնիսկ հագուկապի մեջ: Մտքերի մեջ մի տեսակ խորը փիլիսոփայական բաներ կային: Դրանք նաև նրա գրառումների մեջ են երևում: Մի տեսակ շտապում էր, կարծես վախենում էր ինչ-որ բան կիսատ թողնել»,- ասում է մայրը:
Շանթը շատ էր կարդում: Նախընտրում էր՝ հատկապես փիլիսոփայական գրքեր: Սիրում էր արվեստը, տարված էր կինոյով: Մինչև բանակ զորակոչվելը՝ Շանթը նկարել է «Օրակարգ» վավերագրական կարճամետրաժ ֆիլմը և չնայած այլ մասնագիտությամբ էր սովորում, այնուամենայնիվ, երազում էր ռեժիսոր դառնալու մասին: Ասում էր, որ մի օր միևնույնն է նկարելու է իր մեծ ֆիլմը:
Շանթ Նավոյանը ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Հայրը՝ Գուրգեն Նավոյանն ասում է, որ տղան միշտ փորձել է հանգստացնել իրենց: Պատերազմի մասին գրեթե չի խոսել.
«Պատերազմի երրորդ օրը տղաս վիրավորվել է ոտքից, բայց իհարկե՝ մեզ այդ մասին ոչինչ չի ասել: Հետո ենք իմացել, որ անգամ սպայական անձնակազմին չի ասել, որպեսզի իրեն զինվորական հոսպիտալ կամ թիկունք չտեղափոպեն: Ընկերներին մենակ թողնել չի ցանկացել: Ինքն իր ոտքը վիրակապել է և շարունակել մասնակցել պատերազմական գործողություններին: Նմանատիպ բաներ շատ են եղել, որոնց մասին նրա ընկերներն են մեզ պատմել»։
Շանթն առողջական խնդիրներ է ունեցել, այդ պատճառով վեց ամիս զինվորական հոսպիտալում է գտնվել: Հոր խոսքով՝ տղայի մոտ անգամ ուշագնացություններ էին լինում, ծանր աշխատանք չէր կարողանում անել:
«Հավանաբար պատերազմի ժամանակ ինչ-որ գերբնական ուժ է նրա մոտ առաջացել, որ կարողացել է կռվել: Երբ հարցնում էին, թե արդյո՞ք առողջական խնդիրներ կամ ցավեր չունի, ասում էր, որ իրենք ժամանակ չունեն ցավի մասին մտածելու»,- ասում է Գուրգենը:
Պատերազմի հենց առաջին օրերից Շանթը խիզախաբար կռվել է թշնամու դեմ: Վերջին անգամ ծնողների հետ խոսել է հոկտեմբերի 9-ին:
«Կապն անընդհատ ընդհատվում էր: Նրա հետ ինչքան խոսել ենք, ձայնը ուրախ է եղել, բայց այդ օրը ձայնը մտահոգ էր, հոգնած էր, տխուր էր: Այդ օրը գրեթե բոլոր հարազատների հետ խոսել է: Երևի ինչ-որ բան զգում էր»,- ասում է հայրը:
Շանթ Նավոյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից, առաջին հրադադարի օրը:
«Մեզ հասած տեղեկություններով, չգիտեմ, թե որքանով են հավաստի, որքանով ոչ, տղաները թաքստոցում են եղել: Նրանց ասել են, որ դուրս գան և շնորհավորեն միմյանց, որովհետև պատերազմը վերջացել է: Տղաները հենց զինանոցի մոտ են եղել հավաքված: Եվ դադարից հետո՝ առաջին հրետակոծությունը Ջրականում՝ հենց նրանց գնդի ուղղությամբ է եղել: Նրանց գնդի տղաները բոլորը մաթեմատիկներ էին և կատարել են շատ ճշգրիտ հարվածներ, հասցրել թշնամուն ահռելի վնասներ»,-պատմում է Գուրգեն Նավոյանը:
Ցուցաբերած արիության և հմտության համար՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հրետանավորը պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Շանթի զոհվելուց հետո՝ 2021 թվականին, հարազատները նրա գրառումները մեկտեղել ու գիրք են հրապարակել, որն ունի՝ «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» վերնագիրը:
Շանթը գրել է նաև պատերազմի օրերին: Արդեն գիրքը հրատարակվել էր, երբ հարազատները նրա անձնական իրերի մեջ գտան Շանթի նոթատետրը: Այնտեղ գրվածները տարբերվում էին նախորդներից, որովհետև պատերազմի ծանր ու հուզիչ դրվագներն էին նկարագրում, այն ամենը, որոնց մասին Շանթը չէր խոսել երբեք: Գրված է եղել անգամ այն մասին, թե ինչպես է վիրավորվել մարտի դաշտում: Դրանք բոլորը պատմելու համար երկար ժամանակ կպահանջվի, ասում է մայրն ու մեջբերում գրվածներից մեկի՝ «Նռնենի ծառի» հուզիչ պատմությունը, որը մի անգամ փրկել է Շանթի և գնդի մյուս տղաների կյանքը:
«Գրքի մեջ «Պատերազմ» բաժին կա, այնտեղ գրված են բոլոր այդ պատմությունները: Նրա ձեռագրերը ևս նկարի տեսքով դրված են գրքի մեջ»»,- ասում է Էլեն Նավոյանը:
2021 թականին ստեղծվել է նաև «Շանթ-Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամը: 2023 թվականից՝ Հայաստանի Ֆրանսիական համալսարանում անցկացվում է Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթական մրցույթը:
«Հանուն հայ զինվորների» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Լուսինե Փարսադանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: