Անմահ հերոս Սարգիս Խալաֆյան
Սարգիսը Խալաֆյանը ծնվել է 1967 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։
Սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան թիվ 67 դպրոցում, որն ավարտելուց հետո՝ ընդունվել է թիվ 20 ուսումնարան, սովորել խոհարարի մասնագիտությամբ։
1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
Սարգիս Խալաֆյանն Արցախյան ազատամարտում իր ներդրումն է ունեցել՝ մասնակցելով հայրենիքի համար մղվող համառ մարտերին։
1990-ականների պատերազմում Սարգիսը մարտական ուղին սկսել է «Արաբո» ջոկատի կազմում, մասնակցել Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանությանը։ 1992 թվականից անդամագրվել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդին, մասնակցել է Լաչինի ազատագրմանը, այնուհետև միացել է «Արծիվ 24» ջոկատին։ Շահումյանի շրջանի անկումից հետո 1992թվականի հունիսի 13-ին մասնակցել է Արցախի (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտակերտի շրջանի Կարմիրավան և Լենինավան գյուղերի համար մղվող մարտերին, ինչից հետո միացել է Շահեն Մեղրյանի կազմավորած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին։
Դեռ 90-ականներին, Սարգիսն իրեն դրսևորել է՝ որպես քաջ ու անպարտ ռազմիկ, ով հայրենիքի խաղաղության համար պատրաստ է կռվել առանց նահանջելու։
2016 թվականի ապրիլին՝ թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման լուրը իմանալուն պես, երկու մարտական ընկերներ` Սարգիս Խալաֆյանն ու Նորայր Հաջիյանը մի խումբ կամավորների հետ մեկնում են Արցախ` կանգնելու հայ զինվորի կողքին։
Նրանց ջոկատի վերջին կանգառը Թալիշի մարտական դիրքերից մեկն էր, որտեղ կամավորներն ու զինվորները միասին մարտնչում էին ի շահ հայրենիքի։
Ապրիլի 4-ի երեկոյան, ժամը` 23:00-ի սահմաններում՝ Թալիշի դիրքերից մեկում, մարտական գործողությունների ժամանակ՝ թշնամու արկի պայթյունից զոհվել են կամավորներ` Սարգիս Խալաֆյանն ու Նորայր Հաջիյանը։
Սարգիս Խալաֆյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության», Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալներով։
Նշենք նաև, որ Սարգիս Խալաֆյանը կենդանության օրոք պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և հուշամեդալներով։ Սարգիս Խալաֆյանն ամուսնացած էր, ունի 4 երեխա։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: