Անմահ հերոս Նորայր Հաջիյան

Նորայր Հաջիյանը ծնվել է 1976 թվականի հուլիսի 17-ին՝ Բաքվում։
1988 թվականին Բաքվում հայատյացության ֆոնին՝ ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Սովորել էր Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմց) Ստեփանակերտի Մ. Մաշտոցի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում։
1992-1995 թվականներին ծնողներից գաղտնի՝ Նորայրը անդամագրվել է տարբեր կամավորական ջոկատների, որպեսզի տանի իր բաժին պայքարը։ Ջոկատների կազմում էին «Արամո-114» ԵԿ գումարտակը, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակը, «Արծիվ-24» ԵԿ։ Նա մասնակցել է Կոռնիձոր և Շուռնուխ գյուղերի պաշտպանական մարտերին: Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Բերձորի, Քարվաճառի, Օմարի բարձունքի, Որոտանի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին:
1997-1999 թվականներին ժամկետային զինծառայության է անցել Ասկերանի շրջանում: Ծառայությունն ավարտելուց հետո՝ Նորայրը ապրել է Ստեփանակերտում, ամուսնացել, ընտանիք կազմել ու մշտական բնակության մնացել Արցախում։
Նորայրը հրադադարից հետո էլ հաճախակի էր այցելում Արցախ, լինում մարտական դիրքերում ու մշտապես հետևում սահմանում տեղի ունեցող դեպքերին։
2016 թվականի ապրիլին՝ թշնամու կողմից ձեռնարկված լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման լուրը իմանալուն պես, երկու մարտական ընկերներ` Սարգիս Խալաֆյանն ու Նորայր Հաջիյանը մի խումբ կամավորների հետ մեկնում են Արցախ` հայ զինվորի երբեմնի տարած հաղթանակը պահպանելու նպատակով։
Նրանց ջոկատի վերջին կանգառը Թալիշի մարտական դիրքերն էին։
Ապրիլի 4-ի երեկոյան, ժամը` 23:00-ի սահմաններում՝ Թալիշի դիրքերից մեկում, մարտական գործողությունների ժամանակ՝ թշնամու արկի պայթյունից զոհվել են կամավորներ Նորայր Հաջիյանն ու Սարգիս Խալաֆյանը։
Նորայր Հաջիյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև կենդանության օրոք պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: