Անմահ հերոս Վահե Զաքարյան

Վահե Զաքարյանը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հրազդան քաղաքում։ 2014 թվականին ավարտել է Հրազդանի 10-րդ ավագ դպրոցն ու ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ:
Փոքր տարիքից ակտիվորեն սպորտով է զբաղվել (կարատե ու արևելյան մարզաձևեր), բազում մրցաշարերի հաղթող էր, լավ մարզիկ, ինչը փաստում են նրա մեդալներն ու մարզական ձեռքբերումները՝ ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։
«Վահեն շատ խելացի էր, անտեղի ոչինչ երբեք չէիր լսի իրենից, իր լիջության հետ մեկտեղ՝ շատ կատակասեր էր, նվիրվող էր, ուշադիր, աղջիկների կողմից միշտ շատ էր սիրվում, մի ամբողջ գիրք կարելի է գրել Վահեի մասին»,- պատմում է քույրը։
2014 թվականին զորակոչվել է պարտադիր զինվորական ժամկետային ծառայության ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, 6-ամսյա ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ որպես տանկի նշանառու-օպերատոր ծառայությունը շարունակել է Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մեխակավանի N զորամասում։
Վահեն ծառայությունից երբեք չի դժգոհել, հեշտությամբ է հարմարվել ծառայողական առօրյայի ու ծառայակիցների հետ։
2016 թվականի ապրիլի 1-ի՝ լույս 2-ի գիշերը, թշնամին անցել էր լայնամասշտաբ հարձակման արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայկ Գրիգորյանի ղեկավարմամբ՝ տանկի անձնակազմը անցել էր հակառակորդի թիրախների ոչնչացման։ Գործողությունների ընթացքում տանկը խոցվել է, անձնամազմի անդամներ՝ Հայկ Գրիգորյանը, Վահե Զաքարյանը, Նորայր Գասպարյանը զոհվել են։
Վահե Սամվելի Զաքարյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալներով։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։
Ալվինա Հարությունյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: